Առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։
Այս մասին հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Զեկուցողը նշել է, որ այս նախաձեռնությամբ իրենք ոչ թե ցանկանում են առկա հանրային տարբեր ծառայությունները մատնանշող և կարևորող տոնական օրերի շարքում ավելացնել ևս մեկ ծառայության օր, այլ պահպանելով հանրային ծառայության տարբեր տեսակների ու մասնագիտությունների միջև առկա տարբերությունները՝ ձգտում են սահմանել դրանց ընդհանուր առաքելությունն արտահայտող ևս մեկ անփոփոխ օր։
Վաչե Քալաշյանը նշել է, որ այս օրը պատահական չեն ընտրել. 2002 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 23-ը սահմանել է որպես Հանրային ծառայողի օր: ՄԱԿ-ը անդամ երկրներին խրախուսել և հորդորել է կարևորել հանրային ծառայողի դերակատարությունը պետական կառավարման, հանրային շահի սպասարկման և բոլոր այն առաքելությունների մեջ, որոնք նա իրականացնում է:
Վաչե Քալաշյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով Հանրային ծառայողի օրվա սահմանման նպատակներին։
Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է հնչեցված հարցադրումներին։
Հարցի վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորները։
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։