Ուկրաինական զինուժը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաքին։ Այս մասին հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։
Նրա փոխանցմամբ՝ օդային հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ, ում տեղափոխել են հիվանդանոց․ բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ բոլոր օգնությունները։
Ռոստովի մի քանի թաղամասերում վնասվել են բազմաբնակարան շենքեր, որոնցից բնակիչները տարհանվել են։ Քաղաքում առաջացած հրդեհները մարելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։
Բացի այդ, հարվածի հետևանքով վնասվել է երկաթուղային կամուրջը, ինչի պատճառով գնացքների երթևեկությունը երկու ուղղություններով ժամանակավորապես դադարեցված է։
ԱԹՍ-ներից մեկն էլ ընկել է Բատայսկ քաղաքում գտնվող բնակելի համալիրի չբնակեցված բազմահարկ շենքի վրա, որտեղ ևս հրդեհ է բռնկվել։
Բոլոր պատահարների վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։