Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդրին՝ նշելով, որ այս պահին կրկնակի փորձաքննություն է իրականացվում։ Փորձանմուշներն ուղարկվել են նաև այլ երկրներ՝ համոզվելու, որ տարբեր լաբորատորիաների արդյունքները համադրելի են։
Նախարարի խոսքով՝ առաջիկայում պատասխանատուները հանդես կգան հրապարակային հայտարարությամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ սպառիչ պատասխաններ։
Ավանեսյանը նշել է, որ հնարավոր շեղումների դեպքում նախատեսված են հետագա քայլեր՝ դրանք հաստատելու կամ բացառելու, ինչպես նաև շեղման չափը հստակեցնելու համար։ Մինչ այդ, նրա խոսքով, անհրաժեշտ է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել։
«Ջրի մատակարարումն ապահովված է, քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու տրամադրվող ջրից։ Համայնքն այդ աշխատանքներն իրականացնում է։ Բնակիչներ կան, որոնք չեն հետևում պահանջներին, բայց շեղման ցուցանիշներն էլ այնպիսին են, որ մեր փորձաքննությունների հիման վրա այս պահին մտահոգիչ եզրակացություն չենք կարող անել։
Այնուամենայնիվ, պետք է առավել զգուշավորություն ցուցաբերենք և համոզվենք, որ ջուրը մաքուր է ու համապատասխանում է սահմանված նորմատիվներին»,– ասել է Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր էր արձանագրվել։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել էր սնդիկի պարունակության՝ սահմանային թույլատրելի շեմը գերազանցող ցուցանիշ։
Արդյունքների հիման վրա իրականացվել են կրկնակի նմուշառումներ, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Մինչև խնդրի կարգավորումը բնակիչներին հորդորել են ծորակի ջուրը չօգտագործել խմելու և կենցաղային նպատակներով։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի հարևանությամբ գտնվող չշահագործվող հանքախորշերում Վարդենիս քաղաքի բնակիչներ Լ. Ա.-ն, Կ. Մ.-ն և Հ. Մ.-ն ձեռքի հորատման գործիքներով ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ։