Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը մեկնարկել է 2022 թվականի հունվարին, 2026 թվականի մարտից նոր թափ է ստացել՝ Turkish Airlines-ի չվերթի մեկնարկով։ Այս մասին Երևանում հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շարունակական հանդիպումները նպաստում են հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմանը։
«Մենք ցանկանում ենք ամրապնդել տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու բարեկեցությունը։ Հաշվի առնելով նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ բնականաբար, շարունակում ենք այս գործընթացը»,– նշել է Յումաքլըն։
Թուրք պաշտոնյայի գնահատմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ակտիվացումն ու կարգավորման գործընթացի արագացումը կարող են կարևոր ձեռքբերումներ ապահովել ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ Թուրքիայի համար։
«Մենք այսօր հենց այս առիթով ենք ժամանել Երևան։ Շատ լավ հանդիպում էր։ Հույս ունեմ, որ այստեղից հնչող ուղերձները կնպաստեն, որպեսզի ամբողջ աշխարհում շահագրգիռ երկրներն այս առումով ստանան անհրաժեշտ ուղերձները»,– ասել է նա։
Յումաքլըն անդրադարձել է նաև առաջիկա միջազգային միջոցառումներին՝ նշելով, որ հաջորդ ամիս Անթալիայում տեղի կունենա COP31 համաժողովը, որի շրջանակում Թուրքիան մտադիր է կարևոր ուղերձներ հղել միջազգային հանրությանը։