Հոկտեմբերի 17-ի գիշերը Ռուսաստանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել առնվազն 12 օդանավակայաններում, այդ թվում՝ մոսկովյան բոլոր չորս օդանավակայաններում։ Չվերթները վերահասցեագրվել են այլ քաղաքներ, ուղևորները ժամերով մնացել են ինքնաթիռներում՝ պահեստային աերոդրոմներում։
Ինչպես հայտնում է «The Insider»-ը, երկու գիշերվա ընթացքում Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո և Ժուկովսկի օդանավակայաններում թռիչքների արգելքի ընդհանուր տևողությունը հասել է 51 ժամ 50 րոպեի։ Սա յուրաքանչյուր օդանավակայանի սահմանափակումների ժամանակի հանրագումարն է առանձին-առանձին։
Մոսկվայից բացի, սահմանափակումներ են մտցվել Կալուգայի, Սոչիի, Յարոսլավլի, Կոստրոմայի, Չերեպովեցի, Սարատովի, Պենզայի և Գելենջիկի օդանավակայաններում։ «Ռոսավիացիայում» դրանք բացատրել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին թռիչքների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Արդեն գիշերվա սկզբին մոսկովյան օդանավակայաններում հաշվվում էր մոտ 250 հետաձգված և չեղարկված չվերթ։ Միայն Վնուկովոյում կար նման շուրջ 150 չվերթ, ևս ավելի քան 100-ը՝ Շերեմետևոյում։ Ժամանող ինքնաթիռների մի մասն ուղղորդվել է պահեստային աերոդրոմներ։
Նոր սահմանափակումներին նախորդել էին համանման խափանումները հոկտեմբերի 16-ի գիշերը։ Այն ժամանակ մոսկովյան չորս օդանավակայաններում հետաձգվել էր ավելի քան 200 չվերթ՝ միայն մեկնման մասով։ Թռիչքների վերականգնումից հետո անգամ չացուցակը արագ չի հաջողվել կարգավորել․ ՌԴ Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 16-ի ժամը 16:00-ի դրությամբ Մոսկվայի ավիահանգույցում դեռևս հետաձգված էր մնում 106 չվերթ։ Մի քանի ժամ անց օդանավակայանները նորից սկսել են սահմանափակել աշխատանքը։