Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» գագաթնաժողովին

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը Երևանում հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունների արդյունքները։


Ընդգծելով, որ սա Ղրղզստանի ղեկավարի անդրանիկ պաշտոնական այցն է Հայաստան՝ Ժապարովը շեշտել է դրա պատմական նշանակությունը երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Նա նաև շնորհավորել է հայկական կողմին կենսաբազմազանության թեմայով առաջնորդների գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար։


«Ուրախալի է, որ մեր երկրների միջև ձևավորվել է բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն։ Մենք լայն հնարավորություններ ենք տեսնում առևտրի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, առողջապահության և հատկապես տրանսպորտային տարանցման ոլորտներում»,- նշել է Սադիր Ժապարովը։


Բարձր մակարդակի հանդիպման կարևորագույն ձեռքբերումներից է դարձել երկկողմ համաձայնագրերի ընդլայնված փաթեթի ստորագրումը, որը վերաբերում է քաղաքացիների տեղաշարժին, կենսաթոշակային ապահովմանը, կրթությանը, գիտությանն ու անձնական տվյալների պաշտպանությանը։


Հատուկ տեղ է հատկացվել բնապահպանական գործընկերությանը․ կողմերը ստորագրել են Սևան և Իսիկ Կուլ լճերի պահպանության վերաբերյալ փաստաթուղթ։ Ղրղզստանի ղեկավարն այդ լճերն անվանել է երկու երկրների ազգային ժառանգությունն ու անգին բնական գանձերը։


Հայտարարության ավարտին Ղրղզստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես հրավիրել է Բիշքեկ՝ մասնակցելու հոկտեմբերի 21-23-ը նախատեսված «Բիշքեկ+25» համաշխարհային լեռնային գագաթնաժողովին։