Հոկտեմբերի 16-ին՝ «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին, ընդունվել է Yerevan Declaration – Taking Action for Nature հռչակագիրը։
COP17-ին ընդառաջ ընդունված փաստաթուղթը վերահաստատում է Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հանձնառությունը՝ մինչև 2030 թվականը կանգնեցնելու և շրջելու կենսաբազմազանության կորստի միտումը և մինչև 2050 թվականը հասնելու բնության հետ ներդաշնակ ապրելու տեսլականին։
Հռչակագրի առանցքային ուղերձը հստակ է՝ քաղաքական հանձնառություններից անցում դեպի չափելի գործողություններ և իրական արդյունքներ։ Այն կարևորում է ֆինանսավորման մոբիլիզացումը, էկոհամակարգերի պահպանությունն ու վերականգնումը, գիտությունն ու նորարարությունը, միջազգային համագործակցությունը և հասարակության տարբեր խմբերի լիարժեք մասնակցությունը։
Փաստաթուղթը նաև կոչ է անում COP17-ում ձևավորել հստակ և արդյունքահեն ուղի՝ արագացնելու Գլոբալ շրջանակի և դրա 23 թիրախների իրականացումը։
Երևանից հնչած ուղերձը՝ գործողությունների ժամանակն է։