Նշանավորելով համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել գալա համերգ, որի հատուկ հյուրը օպերային աստղ, իսպանացի երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն էր:
20-րդ դարի հայ օպերային անվանի երգչի մեծարման խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Գեղամ Գրիգորյանն իր արվեստով շարունակում է ապրել սերունդների հիշողության մեջ։

«Գեղամ Գրիգորյանի հզոր, թավշյա, հուզական տենորն ու բեմական կեցվածքը ողողել են աշխարհի ամենահռչակավոր օպերային թատրոնների դահլիճները՝ Լա Սկալայից մինչև Մետրոպոլիտեն օպերա։ Հոբելյանական երեկոն յուրահատուկ խորհուրդ է ստանում օպերային արվեստի կենդանի լեգենդի՝ անկրկնելի Պլասիդո Դոմինգոյի ներկայությամբ, որը ոչ միայն մեծագույն պատիվ է, այլև լավագույն վկայությունն այն մեծ հարգանքի, անկեղծ ընկերության և գնահատանքի, որը համաշխարհային բեմի գործընկերների շրջանում վայելում էր Գեղամ Գրիգորյանը։
Խորհրդանշական է և հուզիչ, որ բեմում կողքի կողքի կանգնած են Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ սոպրանո, միջազգային բեմերի աստղ Հասմիկ Գրիգորյանը և որդին՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Նրանք շարունակում են բարձր պահել Գրիգորյան ազգանվան, հայկական օպերային և դիրիժորական դպրոցի փառքն աշխարհում»,- ասել է նախարարը:
