ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ֆեդերացիայի 29 անդամի արտահերթ ժողով հրավիրելու մասին

ՀՖՖ անդամները կանոնադրական փոփոխություններ կատարելու նպատակով դիմել են արտահերթ ժողով հրավիրելու պահանջով։ 

ՀՖՖ-ն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մարամասներ հայտնելով ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրելու մասին:

«Հաշվի առնելով հանրային արձագանքը՝ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները։
Արտահերթ ժողով հրավիրելու դիմում է ներկայացրել ՀՖՖ 34 անդամից 29-ը, այդ թվում՝ Պրեմիեր լիգան ներկայացնող 9 ակումբ՝ «Արարատ-Արմենիա», «Նոա», «Փյունիկ», «Ալաշկերտ», «Սարդարապատ», «Վան», «Արարատ», «Գանձասար» և «Սյունիք», ՀՀ առաջին լիգան ներկայացնող 6 ակումբ՝ «Անդրանիկ», «Օլիմպիա», «Միկա», «Լեռնային Արցախ», «Բենտոնիտ» և «Արարատ Ավշար», ինչպես նաև մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող ակումբներ՝ «Ախթամար», «Աչաջուր», «Վեդի», «Այգ», «Նիկարմ», «Կումայրի», «Հայասա», «Լոռի Վանաձոր», «Վեստ Արմենիա», «Աղբյուրակ», «Անի» և «Աբովյան Ակադեմիա»։


Նախաձեռնությանը միացել են նաև «Երևան ֆուտզալի» և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ակումբները։


Հետագայում տեղեկացել ենք, որ նախաձեռնությանը միանում է նաև «Վանաձոր» ակումբը։


Նախաձեռնությանը չեն միացել «Ուրարտու», «Շիրակ», «Դովեղ» և «Հայք» ակումբները։
ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է երկու ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով։ Այդ նպատակով կանոնադրության ուժով կհրավիրվի Գործադիր կոմիտեի նիստ, որի ընթացքում կորոշվեն արտահերթ ժողովի օրն ու ժամը։


Հիշեցնենք նաև, որ այս տարվա վերջին կայանալու է ՀՖՖ հերթական տարեկան ժողովը, որի ընթացքում ընտրվելու են ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները, ՀՖՖ նախագահը և փոխնախագահը։