Էբոլայի դեպքեր՝ Աֆրիկայի երեք երկրում․ Հայաստանի համար ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում

Էբոլա հիվանդության դեպքեր են արձանագրվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Քենիայում և Նիգերիայում։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Մասնագետները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին։


Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

Մինչ հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝

- 9552 հաստատված դեպք,

- 4602 մահվան դեպք՝ հաստատված վարակակիրների շրջանում։


Քենիա

Հոկտեմբերի 6-ին Քենիայում արձանագրվել է Էբոլա հիվանդության ներմուծված առաջին հաստատված դեպքը։

Մինչ հոկտեմբերի 20-ը Քենիայում արձանագրվել է՝

- 9 հաստատված դեպք,

- 1 մահվան դեպք։


Բոլոր դեպքերը գրանցվել են Նայրոբիում, առաջին հիվանդի հետ սերտ շփում ունեցած ընտանիքի անդամների և բուժաշխատողների շրջանում։


Ախտորոշման պահին բոլոր վարակակիրներն արդեն գտնվել են կարանտինում։


Քենիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում Էբոլա հիվանդության համայնքային տարածում չի արձանագրվել։


Նիգերիա

Հոկտեմբերի 20-ին Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է Բունդիբուգյո վիրուսով հարուցված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի մասին


Բուժառուն մեկուսացվել է ախտանշանների ի հայտ գալու պահից և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Շարունակվում են նրա հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և համաճարակաբանական հետազոտության աշխատանքները։


«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։


ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին»,- ասվում է հաղորդագրությունում։