«Աթենք» գործարանից 25-ամյա աշխատակիցը կտրած-ծակած վերքով հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Աթենք» մսամթերքի գործարանում աշխատանք կատարելու ժամանակ «ձախ նախաբազկի արմնկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի բուժօգնության է տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Աշոտ Հ․-ն է։



shamshyan.com-ի տեղեկություններով՝ Նաիրիի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ Աշոտ Հ․-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող «Աթենք» մսամթերքի գործարանում՝ դանակով միսը ոսկորից առանձնացնելու ժամանակ դանակը ձեռքին դիպչելու հետևանքով։