Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 3-րդ տուրի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալել էր Ղազախստանի չեմպիոն «Կայրաթ»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0:
Թիմերը բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը: «Ալաշկերտ»-ը նույնիսկ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն խաղից դուրս վիճակ կար:
Թիմերը փոխադարձաբար գրոհում էին՝ փորձելով գտնել միմյանց դարպասը տանող ամենախոցելի օղակը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն օգտագործեց իր արագ հակագրոհը և 43-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ժոզե Էմբալոն: «Կայրաթ»-ից երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Առաջին խաղակեսի առաջին ավելացված րոպեին գոլի հեղինակ դարձավ Աիբոլ Աբիկեն: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով: