Կապահովվի Ղարաբաղից տեղահանված անձանց և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունների շարունակականությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցությունների տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Առանձին խմբերին տրամադրվող ամսական 30 000 դրամի չափով սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում որոշմամբ նախատեսվում է երկարաձգել աջակցության տրամադրումը մինչև 2027 թ. հուլիս ամիսը։ Միաժամանակ, 2027 թվականի ապրիլ ամսից նախատեսվում է աջակցության չափը նվազեցնել՝ սահմանելով ամսական 15 000 դրամ՝ նպատակ ունենալով խթանել նրանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։ Հաշվի առնելով, որ Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքների շրջանում դեռևս առկա են սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներ, նախատեսվում է շարունակել նրանց լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը՝ ապահովելով աջակցության հասանելիությունը սոցիալական և նյութական դժվարություններ ունեցող ընտանիքների համար։


Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրվող լրացուցիչ հրատապ աջակցության միջոցառման ժամկետը ևս կերկարաձգվի․ շահառուները կշարունակեն 40+10 հազար դրամ աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2026 թ․ հոկտեմբեր ամսին աջակցություն է տրամադրվել 8,600 ընտանիքի։ Ծրագրի շահառուներն են այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից․ մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ։ Ըստ հիմնավորման,Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան։


Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ։