Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց 17 հասցեի մանկապարտեզի օտարման գործընթացը

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման և հետագա օտարման գործընթացը, պարզել է, որ այդ գործընթացում առկա են օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ տվյալներ։


Մասնավորապես 2003 թվականի հունիսի 25-ին մանկապարտեզի նկատմամբ գրանցվել է «Կանազ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքը Երևանի քաղաքապետի որոշման, հողի վարձակալության պայմանագրի և հաշվեկշռային տեղեկանքի հիման վրա։ 2004 թվականի մայիսի 25-ին «Կանազ» ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովը մանկապարտեզն օտարել է «Ալյումտեք» ՓԲ ընկերությանը 75 հազար 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։

Հետագայում անշարժ գույքի նկատմամբ «Ալյումտեք» ՓԲ ընկերության սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին գույքը, որի շուկայական արժեքը 2018 թվականի հոկտեմբերի 3-ին գնահատվել էր 793 միլիոն 400 հազար դրամ, 50 միլիոն դրամի դիմաց գրավադրվել է ՀՀ-ում գործող բանկերից մեկում։


Դատախազության իրականացրած ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։


Միաժամանակ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել մանկապարտեզի նկատմամբ «Կանազ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքի՝ 2003 թվականի հունիսի 25-ի պետական գրանցումը, ինչպես նաև դրա հիման վրա իրականացված հետագա գործարքներն ու պետական գրանցումները։

Վարչական դատարանը դատախազության հայցը 2026 թվականի օգոստոսի 10-ին ընդունել է վարույթ։