Արագածոտնում «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, կոտրել ճանապարհի ցուցանակը. հետիոտնը մահացել է

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։


Վրաերթից հետո «Մերսեդես»-ը բախվել է ճանապարհին տեղադրված ցուցանակին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։


Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ 


Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։