Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների՝ Երևանի մետրոպոլիտենում քարոզչություն իրականացնելու գործողություններին, որը միտված է նրան, որ քաղաքացիները դեմ արտահայտվեն ՀՀ իշխանության ծրագրած Սահմանադրության փոփոխությանը:
«Տեսա՝ ընդդիմությունը հայտարարել է, թե իրենք պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար. փողոցներում կռիվ են տալիս Հայաստանի նոր Սահմանադրության դեմ:
Եկեք պարզ սիլոգիզմով բացատրենք, թե ընդդիմությունը ոնց չի կարող պայքարել հանուն ինքնիշխանության:
Հայերենում ինքնիշխանություն բառը նշանակում է ինքն է իր իշխանը՝ ինքնիշխանը: Պետությունը ինքնիշխան է, որովհետև չունի այլ իշխան, չունի այլ տեր:
Սամվել Կարապետյանը, որն ընդդիմության իրական առաջնորդն է, բոլորովին վերջերս հայտարարել է, որ եթե ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս գա, մենք կմնանք անտեր: Այսինքն՝ Սամվել Կարապետյանը մտածում է, որ Հայաստանը պետք է տեր ունենա, Հայաստանը պետք է իշխան ունենա, ուրիշ իշխան ունենա, և ընդդիմությունն էլ փաստորեն մտածում է, որ Հայաստանը պետք է ունենա այլ իշխան, հետևաբար Հայաստանը ինքը չէ իր իշխանը: Հիմա ո՞նց կարող են մարդիկ, որոնք փնտրում են օտար տերեր և իշխաններ, հայտարարել, որ իրենք պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար»,- ասել է Կոնջորյանը: