Իրաքը կարգադրել է արգելափակել Telegram-ը երկրի ողջ տարածքում՝ ընկերությանը տալով 30 օր իրավական կարգավիճակը կարգավորելու համար

Իրաքի հաղորդակցության և ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովը վարչապետի հանձնարարությամբ կարգադրել է երկրի ողջ տարածքում արգելափակել Telegram մեսենջերը։ Ինչպես հայտնում է The Insider-ը՝ հղում անելով Kurdistan 24-ին, կարգավորող մարմինը հայտարարել է, որ հարթակը չի պահպանում տեղական օրենսդրությունը և բավարար միջոցներ չի ձեռնարկում ծայրահեղականության, բռնության հրահրման, կիբեռհանցագործությունների և ազգային անվտանգությանն սպառնացող բովանդակության տարածման դեմ։


Ընկերությանը տրվել է 30 օր՝ իրավական կարգավիճակը կարգավորելու համար, թեև կոնկրետ քայլերն ու սահմանափակումների տեխնիկական մեկնարկի ժամկետները դեռևս չեն հստակեցվում։ Telegram-ը իրավիճակը դեռ չի մեկնաբանել։


Նշվում է, որ Իրաքն արդեն մեկ անգամ՝ 2023 թվականի օգոստոսին, ազգային անվտանգության նկատառումներով մեկ շաբաթով արգելափակել էր հարթակը։