Ջրային պարեկային ծառայության նավը որևէ այլ փոխադրամիջոցի չի հարվածել. ՆԳՆ-ից հերքում են շրջանառվող լուրը
Զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, թե Ջրային պարեկային ծառայության նավը հարվածել է ձկնորսներից մեկի նավակին, ինչի արդյունքում այն շրջվել է, իսկ ձնկորսները հրաշքով փրկվել են։

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն է խնդրել ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից:

«Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվել են ուսումանսիրություններ։ Ջրային պարեկային ծառայության նավը ջրային որևէ այլ փոխադրամիջոցի չի հարվածել։ Ջրային պարեկները գործել են իրենց իրավասության շրջանակներում»,- հայտնեց Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանական հատուկ օպերացիա է իրականացվել:

Քիչ ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց դեպքի առնչությամբ՝ նշելով, որ դեկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտե ստացվել են հաղորդումներ և դրան կից փաստաթղթեր, համաձայն որոնց՝ 2023 թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին,  Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ:

Նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին ձկնորսները հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: