Նոր Սահմանադրությամբ առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու համար 120 օրում հավաքել 200 հազար ստորագրություն

Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։


Ստորև ներկայացնում ենք Սահմանադրության ընտրության հարցում ժողովրդի՝ որոշում կայացնելու իրավունքին առնչվող դրույթը:


«Նոր Սահմանադրության նախագծի տասնմեկերորդ գլուխը վերաբերում է Սահմանադրության ընդունմանը, փոփոխմանը և հանրաքվեներին։ Այս գլխի հիմնական գաղափարն այն է, որ երկրի համար կարևորագույն որոշումների կայացման գործում վճռորոշ դեր պետք է ունենա ժողովուրդը։


Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Սահմանադրությունը կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով։ Սա նշանակում է, որ Սահմանադրության ցանկացած փոփոխության համար անհրաժեշտ է ժողովրդի անմիջական համաձայնությունը։


Այս մոտեցման նպատակն է ապահովել Սահմանադրության կայունությունը և թույլ չտալ, որ որևէ քաղաքական մեծամասնություն միայնակ որոշի երկրի հիմնական օրենքի բովանդակությունը։ Սահմանադրության փոփոխության հարցում վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին։

Քաղաքացիական նախաձեռնությամբ օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ կլինի հավաքել 200 հազար ստորագրություն։ Ստորագրահավաքի համար նախատեսվում է 120 օր։


Այս պայմանները նպատակ ունեն քաղաքացիներին իրական հնարավորություն տալու հանդես գալու սեփական օրենսդրական նախաձեռնություններով։ Ավելի երկար ժամկետը հնարավորություն կտա հանրությանը ներկայացնելու առաջարկվող օրենքի բովանդակությունը, կազմակերպելու քննարկումներ և հավաքելու անհրաժեշտ ստորագրությունները։


Կարևորվում է նաև, որ հանրաքվեի մասնակիցները հնարավորություն ունենան ծանոթանալու քննարկվող հարցին, լսելու տարբեր տեսակետներ և կայացնելու տեղեկացված որոշում։


Այսպիսով, նոր Սահմանադրությունը կարևորում է ժողովրդի անմիջական մասնակցությունը պետական որոշումների կայացմանը՝ ամրագրելով, որ Սահմանադրության փոփոխության հարցը որոշում է ժողովուրդը, իսկ քաղաքացիներն ունեն օրենքների ընդունմանը հանրաքվեի միջոցով մասնակցելու առավել հասանելի հնարավորություններ»,- ասվում է պարզաբանման մեջ։