TRIPP նախագծի իրականացման համար ստեղծվող հայ-ամերիկյան զարգացման ընկերությունը կունենա չորս դուստր ընկերություն, որոնք պատասխանատու կլինեն երկաթուղու, ավտոճանապարհի, էլեկտրահաղորդման գծերի և օպտիկամանրաթելային կապի ենթակառուցվածքների համար։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում։
Դուստր ընկերությունները կհիմնվեն TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծումից հետո։ Կոստանյանի խոսքով՝ յուրաքանչյուր ուղղության համար ամերիկյան գործընկերների հետ կմշակվի առանձին տնտեսական մոդել։ Նախատեսվում է աշխատել ներդրողների, միջազգային ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հետ։
Հայ-ամերիկյան զարգացման ընկերության ստեղծման շուրջ բանակցությունները, նրա խոսքով, ըստ էության ավարտվել են, և ընկերությունը շուտով կգրանցվի Հայաստանում։ Այն կիրականացնի նախագծի ընդհանուր կառավարումը, իսկ բուն շինարարական աշխատանքների համար ըստ անհրաժեշտության կներգրավվեն այլ ընկերություններ։