3 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը 7 ամիս անց փոշմանել է. միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումն իր նկատմամբ` վաղեմության ժամկետը լրանալու հիմքով. դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 3 մլն ԱՄՆ դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանը միջնորդություն էր ներկայացրել իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Հիշեցնենք, որ վաղեմության ժամկետը լրացել էր մայիս մասին, սակայն այդ ժամանակ Քոչարյանը չէր համաձայնել վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պնդել էր, որ գործը շարունակվի, չէր ընդունել մեղքը և ակնկալում էր արդարացնող դատավճիռ։
Այժմ, սակայն, 7 ամիս անց նա փոշմանել է` միջնորդել է դադարեցնել հետապնդումը։ Թե ինչու է փոխվել նրա դիրքորոշումը, Ռոբերտ Քոչարյանը չպատասխանեց։ Հիշեցնենք, որ Քոչարյանը չի ընդունում իրեն մեղսագրվող` 3 մլն դոլար կաշառք վերցնելու հանցանքը։
Ի վերջո, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր` ժամը 17:00-ին։
Վովա Հակոբյան