Կրակոցներ Ալավերդիում. հերքվել է դեպքին ԱԺ պատգամավորի մասնակցությունը

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքում կրակոցներ են հնչել․ գրում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Ոստիկանները հայտնաբերել են դեպքի վայրը, ապա՝ որոշ հանգամանքներ: Ստացված օպերատիվ տվյալներով՝ ժամը 16:30-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության նպատակով պարզաբանումներ ստանալու համար Ալավերդի քաղաքի երկաթգծի կայարանի թաղամասում գտնվող և Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Շահվերդյանին պատկանող ավտոլվացման կետի մոտ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալեքսանդր Մելիքյանը իր մոտ գտնվող հրազենով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Զ. Շահվերդյանի և նշված վայրում վերջինիս հետ կանգնած անձանց ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Դեպքի փաստով խուլիգանություն և սպանության փորձի հատկանիշներով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները ճշտելու, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և Զ. Շահվերդյանին ու Ա. Մելիքյանին ու հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ականատես վկաների, ովքեր հաստատել են ոստիկանության ստացված օպերատիվ տեղեկությունները:

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չի հրապարակվում:

Ըստ աղբյուրի, վերջին 1 տարում մի քանի աղմկահարույց հանցագործություններ են եղել, և այդ ամենը Լոռու մարզի ոստիկանների ու քննիչների աշխատանքի շնորհիվ ոչ միայն բացահայտվել են, այլև հայտնաբերվել են հիմնական կատարողները: Երեկ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր:

Օպերատիվ տեղեկություններով անգամ հայտնաբերված տեսախցիկներում հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված դեպքին, անգամ կրակոցներից առաջ ու հետո նա այնտեղ չի եղել:

Նշենք, որ  «Հրապարակ»-ը համառորեն գրում է, թե իբր Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին, որը, սակայն, «Հրապարակ»-ի մի շարք այլ «բացառիկ տեղեկությունների» նման, շատ արագ հերքվեց։

Իսկ Արեն Մկրտչյանը երեկ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով՝ «Ալավերդիում տեղի ունեցած իմփիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով արատավորել իմ բարի համբավը»։