ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել ՀՀ արդյունաբերության նախկին նախարար, նախկին պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի հորեղբոր որդի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք կապի և տրանսպորտի փոխնախարար աշխատած Հայկ Ճշմարիտյանին, Լուսինե Ճշմարիտյանին, ինչպես նաև սույն գործով փոխկապակցված այլ անձանց՝ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին և Նաիրա Գրիգորյանին։ Նշենք, որ Հայկ Ճշմարիտյանը Արմեն Ավետիսյանի կնոջ՝ Լուսինե Ճշմատրիտյանի եղբայրն է։ Դատախազության՝ Լուսինե Ճշմարիտյանին, Արմեն Ավետիսյանին, Նաիրա Գրիգորյանին ուղարկված ծանուցագրերում նշված է, որ Հայկ Ճշմարիտյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Հիշյալ անձինք դատախազություն պետք է ներկայանային երեկ՝ հունվարի 4-ին։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը 2018-ին հաղորդագրություն էր տարածել Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու ու փողերի լվացման դեպքի առթիվ։
2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, ըստ ԱԱԾ-ի, Ավետիսյանն իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը՝ հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը։
«Գոլդեն Փելես» հյուրանոցի կառուցման ֆինանսական աղբյուրների ու հյուրանոցի իրական սեփականատերերի մասին հայաստանյան մամուլը պարբերաբար էր գրում։ Որպես 2005-ին բացված Հաղթանակի զբոսայգու տարածքում գտնվող հյուրանոցի բաժնետեր նշվում էր օֆշորում գրանցված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությունը։ Որպես հյուրանոցի սեփականատեր մամուլում նշվում էր Հայկ Ճշմարիտյանի անունը։ 2005-ի հուլիսին Ճշմարիտյանը հրաժարական տվեց և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ազատվեց պաշտոնից:
Հրաժարականից հետո Ճշմարիտյանը լրագրողներին հայտնել էր, որ հյուրանոցը կիպրական «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերության սեփականությունն է, սակայն ինքը ևս հյուրանոցում որոշակի բաժնեմաս ունի, որը բերել է նաև այն նպատակով, որ իր մասնակցությամբ կիպրոսյան գործընկերների մոտ ամրապնդի վստահությունը ՀՀ-ի նկատմամբ խոշոր ներդրումներ կատարելու հարցում: Ճշմարիտյանը նշել էր, թե ինքը 1980-ական թթ.-ից գործարարությամբ է զբաղվում Հայաստանում, Ռուսաստանում և Հունաստանում, հյուրանոցային բիզնեսն իրեն հոգեհարազատ է, ու այսուհետ ինքը կզբաղվի միայն այդ գործով՝ միաժամանակ նպաստելով Հայաստանում ներդրումային դաշտի զարգացմանը: Իրականությունը, սակայն, այն էր, որ հյուրանոցը (««Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ն) այդ ժամանակ իրավաբանորեն ամբողջությամբ պատկանում էր կիպրական ընկերությանը, որի միակ սեփականատերը հենց նախկին փոխնախարարն էր, այսինքն՝ կիպրոսցի գործընկեր գոյություն չուներ: «Մյուս կողմից՝ ստեփանավանցի Հայկ Յուրիի Ճշմարիտյանը Արմեն Ավետիսյանի կնոջ՝ Լուսինե Ճշմարիտյանի հարազատ եղբայրն է, այսինքն՝ կարելի է ասել, որ նրա անվան տակ պետք էր ընկալել հենց մաքսայինի ղեկավարին»,- գրել էր
«Հետք»-ը:
Հիշեցնենք, որ հարուցված վերոհիշյալ քրեական գործից հետո Ավետիսյան ընտանիքը Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը՝ մոտ 15 մլն դոլար արժողությամբ, նվիրեց պետությանը։ 2022-ին գույքն օտարվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։
Հ. Մ.