Այո, ուզում են ձախողել դատական նիստը. Գագիկ Խաչատրյանի գործով դատախազ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար։
Այսօրվա նիստում պաշտպան Երեմ Սարգսյանը ցանկացավ միջնորդություն ներկայացնել՝ նշելով, որ դա անհապաղ քննարկման ենթակա է։ Դատախազն էլ առարկեց պաշտպանի գործողությունների դեմ՝ նշելով, որ նա դատարանի նկատմամբ դրսևորում է անհարգալից վերաբերմունք՝ թույլ չտալով դատարանին բնականոն կերպով շարունակել  դատական նիստը։

«Պետք է շարունակել Սեդրակ Առուստամյանի հարցաքննությունը, քանի որ եզակի հնարավորություն է ընձեռվել, երբ որ դատավարության բոլոր մասնակիցները՝ երկու ամբաստանյալները, երկու պաշտպանները ներկա են, և սա հնարավորություն է ի վերջո դատական նիստը վերադարձնելու բնականոն հուն և շարունակելու դատական նիստը»,- ասաց մեղադրողը։  
Դատավոր Արթուր Մկրտչյանն էլ ասաց, որ պաշտպանը միջնորդությունը կարող է ներկայացնել, սակայն Սեդրակ Առուստամյանին հարցաքննելուց հետո։

Պաշտպանը շարունակեց պնդել, որ ներկայացնի միջնորդությունը, ինչից հետո մեղադրող դատախազը միջնորդեց դատարանին սանկցիա կիրառել Երեմ Սարգսյանի նկատմամբ։

«Այո, ուզում են ձախողել դատական նիստը, հետևաբար, եթե պաշտպան Երեմ Սարգսյանի վարքագիծը նմանօրինակ ձևով շարունակվի, միջնորդում եմ դատական սանկցիա կիրառել նրա նկատմամբ»,- ասաց դատախազը։
 
Մանրամասները՝ տեսանյութում