Ինչպես կանխատեսել էի դատական նիստի սկզբում, Գագիկ Խաչատրյանին ներկայացրին որպես վատառողջ, և նիստը հետաձգվեց. դատախազ
«Ես իմ դիրքորոշումը դատական նիստերի ընթացքում բազմիցս ներկայացրել եմ, հենց այսօրվա դատական նիստն էլ իրավունքի չարաշահման դասական դրսևորում էր»,- այս մասին այսօր դատական նիստից հետո ասաց մեղադրող դատախազ  Գևորգ Սարգսյանը։

Նա նշեց, որ շուրջ երկու ժամ ընդամենը իր կարծիքը ներկայացնելու համար իրեն ներկայացվեց բացարկի միջնորդությունը, որը դատարանի կողմից արդարացիորեն մերժվեց, որից հետո, ինչպես և ինքն արդեն իսկ կանխատեսել էր, դատական նիստի ամենասկզբից Գագիկ Խաչատրյանին ներկայացրին որպես վատառողջ, և դատական նիստը հետաձգվեց։ 

Դատախազի խոսքով՝ սա արդեն կանխատեսելի կայուն գիծ է, որը պաշտպանության կողմը պարբերաբար դրսևորում է։ 
Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, Գագիկ Խաչատրյանի գործն էլ վաղեմության ժամկետի հիմքով կարճվի, դատախազն ասաց, որ Գագիկ Խաչատրյանին առաջադրված են առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրանքներ, հետևաբար վաղեմության ժամկետի վտանգ չկա, և անհասկանալի է՝ ո՞րն է պաշտպանության կողմի այս միտումը դատական նիստերն անհարկի, պարբերաբար տարիներով ձգձգելու։ 

«Նախորդ դատական նիստին արդեն իսկ մեղադրանքի կողմից կոնկրետ գործուն միջոցներ ձեռնարկվեցին այս ոչ պատշաճ վարքագիծը կանխելու, իմ կողմից ներկայացվեց Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը փոփոխելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն, որը դատարանի կողմից մերժվեց։ Դրա դեմ արդեն իսկ ներկայացվել է վերաքննիչ բողոք»,- հավելեց Գևորգ Սարգսյանը։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում