Տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ի և Հունաստանի միջև նախատեսվում է միջկառավարական հանձնաժողովի նիստ. ՀՀ ԱԳ նախարար
«Ձեր այցը համերաշխության դրսևորում է մի ժամանակաշրջանում, երբ մենք իսկապես զգում ենք այդ համերաշխության և աջակցության կարիքը»,- Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ տարվա առաջին կիսամյակում նախատեսվում է երկու երկրների միջև միջկառավարական հանձնաժողովի նիստ:
«Իմ գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը ԼՂ հայության բռնի տեղահանությունից հետո և նաև խաղաղության գործընթացը: Ներկայացրել եմ խաղաղության գործընթացի մանրամասները, խնդիրները, նախաձեռնությունները, որոնցով ՀՀ-ն հանդես է եկել, մասնավորապես «Խաղաղության խաչմերուկ»-ը՝ որպես լուծում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման հարցում:

Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին և բարդություններին, դանդաղեցումներին և որոշ դեպքերում ապակառուցողականությանը՝ ՀՀ-ն վճռական է և հաստատակամ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու բանակցությունները, և մենք հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, քաղաքական կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը կրկին շնորհակալություն հայտնեց Հունաստանի ԱԳ նախարարին և վստահություն հայտնեց, որ սա միայն մեկ օրն էր շատ ինտենսիվ բարեկամական և եղբայրական հարաբերությունների: