Մայր Աթոռի «պատվիրանը» աշխատակիցներին փոխանցած Չարչյանը «ինտուիտիվ» զգացել է, որ կարող են հետապնդումներ լինել և ինքն է խնդրել ձայնագրել իրեն․ ձայնագրությունը «ստահակությամբ» հայտնվել է այլ տեղերում
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի գործով նիստի ժամանակ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հանդես է եկել պաշտպանական ճառով։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ (հունիսի 18-ին) տարածվել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտող։ Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։
Արմեն Չարչյանի պաշտպանն իր ճառում մասնավորապես նշել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ գործը հարուցվել է ոչ օրինական առիթ հանդիսացող Հատուկ քննչական ծառայության (այժմ՝ լուծարված) մամուլի քարտուղարի զեկուցագրի հիման վրա, որը վերաբերում էր «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում տարածված ձայնագրությանը։

«Բացի այդ, Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքը որոշակի չէ, չկա որևէ կոնկրետացում հարկադրանքի ձևի, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, ճնշումը եղել է հոգեբանական, թե ֆիզիկական, առկա չէ կոնկրետացում բացասական հետևանքների վերաբերյալ։ Ավելին, ձայնագրության համաձայն՝ խոսքը եզրափակելով Չարչյանը խոստացել էր, որ չի լինելու որևէ ռեպրեսիա։ Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցների հետ հանդիպել է ոչ թե որպես «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն կամ «Հայաստան» դաշինքի անդամ, այլ՝ որպես ընկեր։ Նա ոչ թե հորդորել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել ՔՊ-ին՝ քվեարկելով այլ դաշինքի, այլ ընդամենը խնդրել է մասնակցել քվեարկությանը ու կատարել իրենց քաղաքացիական պարտքը»,- ասաց պաշտպանը։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնելով իր դիրքորոշումը պաշտպանի ճառի վերաբերյալ՝ Արմեն Չարչյանն ասաց, որ ճառը հիմնավոր էր, և իր նկատմամբ գործն ապօրինի է հարուցվել։ 

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ նիստի ձայնագրությունը հայտնվել է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում, գուցե ժողովին ներկա առնվազն մեկ աշխատակից նրա խոսքերը որպես սպառնալի՞ք է դիտարկել, ի պատասխան Չարչյանը նշեց, որ իրեն չի հետաքրքրում՝ ինչպես է ձայնագրությունը հայտնվել «Բաղրամյան 26»-ում։

Ի հավելումն Արմեն Չարչյանն ասաց, որ իր 2 աշխատակիցներին հենց ինքն էր խնդրել, որ ժողովը ձայնագրվի: «Ինտուիտիվ զգում էի թե կանխատեսում էի, որ կարող են հետապնդումներ լինել։ Ես ինքս էի խնդրել, որ ձայնագրեն։ Բնականաբար, այդ ձայնագրությունը կարող էր խաբեությամբ կամ ստահակությամբ հայտնվել նաև այլ տեղերում»,- ասաց Չարչյանը։
 
Մանրամասները՝ iravaban.net-ի տեսանյութում