Որ հոդվածներով է մեղադրվում ռեստորանում կրակոցների գործով բերման ենթարկված Տիրան Խաչատրյանը․ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ
Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ կրակոցների դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ, 297-րդ և 335-րդ հոդվածներով՝ Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ չորսից ութ տարի ժամկետով, ինչպես նաև Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում գտնվող ռեստորաններից մեկում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ կրակոցներ են տեղի ունեցել։ Տիրան Խաչատրյանի արձակած կրակոցներից վիրավորում է ստացել ռեստորանի հյուրերից մեկը։ Դեպքից հետո Խաչատրյանը դիմել էր փախուստի։
 
Դեպքի վերաբերյալ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից Сivic.am-ին փոխանցել էին, որ հունվարի 11-ին, ժամը 23.00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղում կռիվ է։ Ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ. ծնված մի տղամարդու։ 

«Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- նշել էին կառույցից: