Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանը վերանշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ ԱԱԾ տնօրենի ազատումը ընդամենը օրենքի փոփոխությամբ պայմանավորված ազատում էր, քանի որ նոր փոփոխության համաձայն ԱԱԾ տնօրենին նշանակելու է վարչապետը, իսկ ԱԱԾ տնօրենը և տեղակալները համարվում են հանրային պաշտոնյա։
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ապա՝ րոպեներ անց վերանաշանակվեց նույն պաշտնում։ Մինչ Աբազյանը կվերանշանակվեր, տարբեր վարկածներ շրջանառվեցին՝ պատճառներից մինչև նրա փոխարեն նոր մարդու նշանակում։ Իսկ ԱԱԾ տնօրենի ազատումն ու վերանշանակումը պայմանավորված էր ԱԱԾ տնօրենի և տեղակալների նշանակման մասին օրենքի փոփոխությամբ։
Նախկինում ԱԱԾ տնօրենին և տեղակալներին նշանակում էր ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։ Նոր փոփոխությամբ նրանց պաշտոնի է նշանակում հանրապետության վարչապետը։
Արդարադատության նախարարությունը օրենքի փոփոխությունը հիմնավորել էր նշելով, որ արդեն նախկին կարգավորումներով ԱԱԾ տնօրենի ու տեղակալների պաշտոնները համարվում էին զինվորական ծառայության պաշտոններ, բայց ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։ Արդարադատության նախարարությունը հենց ենթակա լինելու հանգամանքով պայմանավորված էլ առաջարկել էր փոխել օրենքն ու վարչապետին օժտել ԱԱԾ տնօրեն ու տեղակալներ նշանակելու ու ազատելու լիազորությամբ։
Այժմ՝ փոփոխություններից հետո ԱԱԾ տնօրենի ու տեղակալների պաշտոնները հանդիսանում են ոչ թե զինվորական ծառայության, այլ՝ հանրային պաշտոններ։
Վովա Հակոբյան