9 տարի առաջ այս օրը Գյումրիում սպանվեց Ավետիսյանների ընտանիքը։ Ընտանիքի բոլոր 7 անդամները սպանվեցին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից։ Մարդասպանը Հայաստանի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ Ռուսաստանի կողմից՝ 10 տարվա ազատազրկման, և պատիժը կրելու նպատակով տեղափոխվեց Ռուսաստան։
Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է իրավապաշտպան, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի հետ։
Նշենք, որ իրավապաշտպանը դիմել էր Եվրոպական դատարան՝ կյանքի իրավունքի խախտման փաստով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով, սակայն տեղեկացրեց, որ գործից նորություն չկա։
«Ես չեմ կարող որևէ վարկած առաջադրել, բայց գործի նյութերով և այդ դատաքննության ընթացքով կարող եմ հստակ ասել, որ Պերմյակովի՝ որպես սպանության միակ կատարողի հետ կապված լուրջ կասկածներ եղել են ու կան։ Ավելին՝ արդյո՞ք ինքն է էդ սպանությունը կատարել, թե՞ ոչ, դրա առթիվ էլ կասկածներ ունեմ, որովհետև գուցե և Պերմյակովը տեղյակ է եղել, ոչ թե գուցե, այլ հաստատ տեղյակ է եղել, բայց սպանության կատարողների առումով ունեմ կասկածներ»,-նշեց Արթուր Սաքունցը։
Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործը հարուցվել է Հայաստանի Հանրապետության քննչական մարմնի կողմից, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից Պերմյակովը դատապարտվել է ինքնակամ զինվորական ծառայության վայրը լքելու և զենքը ապօրինի վերցնելու հիմքով։
«Բնականաբար, Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա Արդարադատության նախարարության սահմանապահ ծառայությունը տեղյալ է եղել, բայց էդպես էլ ոչ մի ջանք չգործադրեցին, որպեսզի Պերմյակովը գոնե մեկ վայրկյան հայտնվի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկում։ Դրա մասին մենք բազմիցս ենք միջնորդություններ ներկայացրել։ Երբ 10 տարին լրանա, Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից ցմահ ազատազրկումը նա պետք է շարունակի կրել։ Իսկ կկրի՞, թե՞ ոչ, դա արդեն այլ հարց է»,-նշեց իրավապաշտպանը։
Սաքունցը հավելեց, որ ռուսական ռազմաբազան միշտ համարել ու համարում է վտանգի աղբյուր, սպառնալիք և ոչ թե անվտանգության երաշխավոր։
Աննա Դեինյան