Նոր տարին առանց փող ենք դիմավորել․ «Կրիստալ Քլինինգ» ՍՊԸ-ն, որն ապահովում է Կենտրոնական բանկի մաքրման աշխատանքները, չի վճարել դեկտեմբեր ամսվա աշխատավարձը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Civic.am-ը ահազանգ էր ստացել, որ Կենտրոնական բանկում մաքրություն իրականացնող «Կրիստալ Քլինինգ» ՍՊԸ-ի աշխատակիցները դեկտեմբեր ամսվա աշխատավարձը չեն ստացել, ինչպես նաև մաքրուհիները նշված ընկերությունում գրանցված են ցածր աշխատավարձով, և այդպիսով թաքցվում են իրական հարկերը։
Համացանցում չկար տեղեկատվություն «Կրիստալ Քլինինգ» ընկերության մասին, ընկերությունը չունի պաշտոնական էջ և չկարողացանք կապ հաստատել։
Civic.am-ը հարցում ուղարկեց Կենտրոնական բանկ՝ ճշտելու համար մեզ հասած տեղեկատվության հավաստիությունը։ Հարցին, թե արդյոք մաքրուհիները չե՞ն ստացել աշխատավարձ և ե՞րբ են ստանալու, մեզ պատասխանեցին, որ Կենտրոնական բանկը չունի աշխատանքային պայմանագրեր մաքրուհիների հետ. «ՀՀ կենտրոնական բանկի պայմանագիրը մաքրման ծառայություն իրականացնող «Կրիստալ Քլինինգ» ՍՊԸ-ի հետ է, որի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումն ընկերությանն իրականացվում է պայմանագրի համաձայն: «Կրիստալ Քլինինգ» ՍՊԸ-ի հետ ՀՀ կենտրոնական բանկի հարաբերությունները հանդիսանում են առևտրային հարաբերություններ, ինչը կապ չունի այլ անձանց հետ և չի կարող հանդիսանալ երրորդ կողմի հետաքրքրության առարկա»:
Մյուս հարցին, թե արդյոք ստուգվե՞լ է՝ տվյալ ընկերության մաքրուհիները իրենց ստացած աշխատավարձից ցա՞ծր աշխատավարձով են գրանցված աշխատանքի վայրում, թե՞ ոչ, բանկից նշեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում. «ՀՀ Կենտրոնական բանկը նման տեղեկատվության չի տիրապետում: Բարձրացված հարցը դուրս է ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակներից: Առաջարկում ենք Ձեզ մոտ առկա տեղեկատվությունը տրամադրել պատկան մարմիններին»: