Ստեփանավանի համայնքապետին՝ իր կոկորդը կտրելու համար մեղադրող քաղաքացին նախկինում մի քանի անգամ դատապարտվել է․ ամենայն հավանականությամբ, վերջինս ինքնավնասում է կատարել
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը իր ֆեյսբուքյան էջում «ահազանգել» է, թե, իբր,  Ստեփանավանի համայնքապետը դանակով վնասել է քաղաքացիներից մեկին՝  «դանակով կտրելով  անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը»:  «Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք, հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում»,-մասնավորապես նշել է փաստաբանն ու հավելել՝  «իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում եմ նշված խնդրի վրա և պահանջում արդյունավետ քննություն»։  

Փաստաբանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ժամեր առաջ, իր վստահորդն էլ Գագիկ Կարապետյան անունով անձն է, որը համայնքապետարանի շենքում փորձել է, իբր,    հանդիպել համայնքապետ Արմեն Գրիգորյանին, սակայն նրան մոտեցել է համայնքապետի վարորդն ու կոպիտ տոնով հայտնել, որ «համայնքապետը քո նմաններին կամ քեզ չի կարող ընդունել»։ Ծագած թեժ  խոսակցությունից հետո, ըստ փաստաբանի, համայնքապետարանի աշխատակիցները, իբր, ծեծի են ենթարկել  Կարապետյանին։ «Քաղաքապետը՝ մի ձեռքին խնձոր, մյուս ձեռքին՝ խնձորը կտրելու համար նախատեսված դանակը, բռնել է Գագիկ Կարապետյանի գլխից և փորձել կտրել նրա կոկորդը, սակայն Կարապետյանը ճողոպրել ու փախուստի է դիմել, գնացել է ոստիկանություն»,-նշել է Կոչուբաևը։ 

Ստեփանավանի համայնքապետի գործավար Լուսինե Ներկարարյանը civic.am-ի  հետ զրույցում հերքեց Կոչուբաևի հայտնած տեղեկությունները և նշեց, թե  քաղաքացին զրպարտում է համայնքի ղեկավարին ու համայնքի աշխատակիցներին։ «Ինքն իրեն լավ չի պահել, ճիշտ չի դրսևորել, իսկ այն ամենը, ինչը, իր պատմելով, արվել է իր հետ, ընդամենը զրպարտություն է»,- ասաց  Ներկարարյանը՝ հավելելով, որ Կարապետյանը ցանկացել է մտնել համայնքապետի աշխատասենյակ, սակայն վերջինիս մոտ ժողով է եղել, ուստի ինքը թույլ չի տվել։ Դրանից հետո Կարապետյանն իրեն «վատ խոսքեր» է ասել, «անշնորհք վերաբերմունք» դրսևորել։

«Շատ հնարավոր է՝ ինքն իրեն վնասած լինի՝ զրպարտելու համար։ Ինքն այստեղից նորմալ վիճակում է դուրս եկել, նրա վրա անգամ  քերծվածք չի եղել, ու դրանից հետո մենք լսել ենք նույն բանը, ինչ որ դուք»,- ասաց Ներկարարյանը։

Գործավարուհին նաև նշեց, որ կատարվածի առնչությամբ գրություն են ուղարկել ոստիկանություն։

Civic.am-ը պարզեց, որ Գագիկ Դավիթի Կարապետյանը  հայտնի է իր հակաօրինական վարքով, ինչի հետևանքով մի քանի անգամ կանգնել է դատարանի առաջ։ Մասնավորապես նախորդ տարվա մարտին  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել Կարապետյանի վերաբերյալ։ 2020 թվականի հունիսի 18-ին Գագիկ Դավիթի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով այն բանի համար, որ նա, Տաշիր քաղաքի Լենինի 136 հասցեի առանձնատնից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում օրավարձով, նույն օրը վերադարձնելու պայմանով, համաքաղաքացի Ռաֆիկ Վարուժանի Քոչարյանից Ստեփանավան քաղաքում վերցրել է վերջինիս անձնական օգտագործման «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև նույն օրը՝ ժամը 16:41-ին նշված ավտոմեքենայով ժամանել և այն կայանել է Տաշիր քաղաքի Լենինի առանձնատներից մեկի դարպասների դիմաց, ապա իջնելով ավտոմեքենայից, շրջել է նշված առանձնատան ցանկապատի մոտ և համոզվելով, որ առանձնատանը մարդ չկա, ավտոմեքենան հետընթացքով հեռացրել է նշված առանձնատան դարպասներից, այնուհետև հետքերը թաքցնելու նկատառումներից ելնելով կրել է կարմիր գույնի ռետինե ձեռնոցներ և մագլցելով նշված առանձնատան ցանկապատի վրայով, ապօրինի մուտք է գործել առանձնատան բակ, որտեղ մոտենալով առանձնատան հյուրասենյակի պատուհանին՝ մետաղապլաստե պատուհանափեղկը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Տաշիր քաղաքի բնակարաններից մեկն ու  ննջասենյակի պահարանի վրա առկա զարդատուփից գաղտնի հափշտակել զգալի չափերով՝ շուրջ 500.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3 հատ ոսկյա մատանիները և 1 հատ ոսկյա թևնոցը: Դրանից հետո նստել է փողոցում կայանված հիշատակված ավտոմեքենան և հեռացել։ 

Ամբաստանյալ Գագիկ  Կարապետյանին դատարանը մեղավոր է ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարքում՝ վերջնական պատիժ նշանակելով  ազատազրկում 3 տարի 2 ամիս 5 օր ժամկետով:

Մեկ այլ՝ ավելի վաղ կայացված դատավճռով էլ Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու համար։ Դատավճռից մասնավորապես տեղեկանում ենք, որ նա «դիտավորությամբ 2016 թ․  հոկտեմբերի 23-ին առարկայի գործադրմամբ խոհանոցի մետաղապլաստե պատուհանափեղկը բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Ստեփանավան քաղաքի առանձնատներից մեկն ու  ննջասենյակի պահարանի վրա առկա զարդատուփից գաղտնի հափշտակել տանտիրոջ կնոջ ընդհանուր շուրջ 203.000 ՀՀ դրամ արժողությամբ ՙՍվարովսկի՚ ապրանքանիշի բիժու զարդերը և դիմել փախուստի: Բացի այդ, նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 30-ին  առանձնատան հյուրասենյակի լուսամուտի փեղկը հրել բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Ստեփանավան քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող առանձնատան ննջասենյակ և պահարանից գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 2.043.700 ՀՀ դրամ արժողությամբ 16 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ մասնավորապես 6 հատ մատանի, 2 հատ շղթա, թևնոց, 2 հատ խաչ, վզնոց, 3 զույգ ականջօղեր, կախազարդ և 60.000 կանխիկ դրամ ու դիմել փախուստի»: 

Այս գործով դատավճիռը, նշենք,  բողոքարկվել է վերադաս ատյաններում։ 

Մեկ այլ դատաճռով էլ (2010 թ․),  Կարապետյանը մեղավոր է ճանաչվել  Ստեփանավանի բնակչուհիներից մեկի տուն ապօրինի ներխուժելու խոշոր չափերով` 40 հատ ոսկյա զարդեր հափշտակելու մեջ: Կարապետյանը հափշտակված հիշյալ ոսկյա զարդերը ամբողջությամբ վաճառել է ոսկու շուկայում: Ավելի ուշ, այնտեղից հայտնաբերվել և քննության է ներկայացվել 146.000 ՀՀ դրամ արժողության չորս կտոր ոսկյա զարդեր: 

«Բացի այդ, մորաքրոջ` Գոհարիկ Միրզոյանի հետ ձևական ամուսնություն գրանցելու միջոցով` վերջինիս ազգանունը փոփոխելու ու այդ կերպ նրան Թուրքիա մեկնելու հնարավորություն տալու նպատակով, 2008թվականի դեկտեմբերի 30-ին Գագիկ Կարապետյանը թաքցրել է ամուսնության կնքման արգելք հանդիսացող հանգամանքը, այն է՝ արգելվում է ամուսնություն կնքել մերձավոր ազգականների միջև, սուտ տեղեկություններ է հաղորդել Ստեփանավանի քաղաքացիական ակտերի գրանցման բաժին: Արդյունքում` 2009թվականի հունվարի 3-ին գրանցվել է վերջիններիս ամուսնությունը: Ավելի ուշ, Գոհարիկ Միրզոյանը ձեռք է բերել ՀՀ քաղաքացու անձնագիր Գոհարիկ Կարապետյան տվյալներով և մեկնել Թուրքիա: Վերը նշված հանցավոր արարքը կատարելու համար նախաքննական մարմինը Գագիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 177հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 1691 հոդվածով։