Հակակոռուպցիոն դատարանն այսօր նախնական դատական նիստ է հրավիրել Սերժ Սարգսյանի խնամի` Արա Մինասյանին եւ նրա տիկնոջը պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
Այսօր ժամը 15:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի եւ նրա տիկնոջը՝ Արմինե Հասրաթյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը։

Նշենք, որ դատախազության հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել 2023 թ․հոկտեմբերի 13-ին։ Եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է 27.11.2023 թվականին, իսկ պատասխանողները սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան չեն  ներկայացրել, Դատարանը որոշել է նախնական դատական նիստ  նշանակել։ Արա Մինասյանը, նկատենք, 2018-ից միջազգային հետախուզման մեջ է: 

Հիշեցնենք, որ Դատախազությունը պահանջել է Արա Մինասյանից եւ Արմինե Հասրաթյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի քանի բնակարան, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ եւ թանկարժեք այլ գույք։ Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոց, 14-րդ նրբանցք, թիվ 8 հասցեի գույքը, Երևանի  Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցի 6-րդ շենքի 6-րդ բնակարանը, Երեւանի  Տերյան փողոցի թիվ 66 շենքի թիվ 34 ավտոկանգառը, Երևանի Տերյան փողոցի թիվ 66 շենքի 41-րդ բնակարանը, Գյումրիի Արտակ Եպիսկոպոս Սմբատյան փողոց, թիվ 14 հասցեի անշարժ գույքը, «LEXUS LX 470» մակնիշի տրանսպորտային միջոցը,   «LEXUS LX 570» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը, «TOYOTA LAND CRUISER 100 4.7» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը, «ADAMS AND ROBERTSON LTD» ընկերությանը փոխանցված բնակարանը ձեռք բերելու արժեքի չափով գումար՝ 53 620 եվրո (26 042 697 ՀՀ դրամ),  30 հատ 500 եվրո անվանական արժեքով թղթադրամները, թվով 34 հատ հուշադրամները, թվով 21 հատ ոսկեգույն ձուլակտորները և մեկ հատ ոսկեգույն մետաղական շղթա, թվով 300 հատ 100 ԱՄՆ դոլլար անվանական արժեքով թղթադրամները, թվով 10 ոսկեգույն ձուլակտրոները և թվով 5 հատ հուշադրամները, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունում բացված հաշվին Արա Մինասյանի կողմից ներդրված 2 079 569 ՀՀ դրամի ավանդը, 137 313 015 ՀՀ դրամ գումար՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդը՝ 1 063 925 356 ՀՀ դրամ գումար։ 

Արա Մինասյանը «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվեց 2018-ի հուլիսին, երբ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ԲԿ-ում նախարարության   ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը հասցվել է 545 միլիոն դրամի վնաս։ 2023-ի օգոստոսին հայտնի https://civic.am/law/91826-qnnchakan-komitei-haghordagrutyuny.html  դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով 4 դրվագով վատնում կատարելուն օժանդակելու վերաբերյալ նախաքննությունը:
 
«Իրականացված քննությամբ պարզվել է, որ բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Մ.-ն 2014-2018 թվականների ընթացքում ընկերության տնօրենի տնտեսական հարցերով տեղակալ Ա.Ծ-ի,  ինչպես նաև աշխատակից Հ.Հ.-ի և անհատ ձեռնարկատեր Վ.Դ.-ի օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ»:
 
Հ․Մ․