2023-ին 911 ահազանգման կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1 միլիոն 686 476 զանգ․ Կամո Ցուցուլյան
«Հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում և մարզային փրկարարական վարչություների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1 միլիոն 686 476  զանգ։ Ստացված զանգերից 34 571-ը վերաբերել են արտակարգ դեպքերին, երբ փրկարար ծառայության կողմից սպասարկվել են»,-այդ մասին այսօր ամփոփելով 2023 թվականի աշխատանքային տարին`ասել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն– ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Ներկայացնելով նաև այլ թվեր Կամո Ցուցուլյանն ասաց, որ 2023-ին գրանցվել է 5296 հրդեհի դեպք, որը նախորդ տարվանից պակաս է 596-ով, հանրապետությունում ջերմային ֆոնի բարձրացմամբ պայմանավորված  անտառային հրդեհավտանգ իրավիճակի մշտադիտարկման, հրդեհների  կանխարգելման, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ ՆԳ ՓԾ-ն ձևավորել է աշխատանքային խմբեր, որոնցում ընդգրկվել են ՀՀ նԳՆ փրկարար ստորաբաժանումներից ոստիկանության Հայանտառ ՊՈԱԿ-ի բնապահպանության և ընդերքի քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցներ, ընդհանուր առմամբ իրազեկում է իրականացվել հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում։

«ՆԳՆ ՓԾ-ն Գեղարքունիքի մարզային Փրկարարական վարչությունը մասնակցություն է ունեցել Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության գումարտակի ջրային վաշտի ձևավորմանը, ինչպես նաև ներգրավվել է ընդունելության քննության հանձնաժողովներում։ Լողափնյա սեզոնի բացման կապակցությամբ հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով, Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Սևանա լճի ափամերձ գոտիներում և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի համար 1,2,3 հանրային լողափերում  ՓԾ-ի կողմից իրականացվել է շուրջօրյա հերթապահություն։ Ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներ անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալվել են ընդհանուր առաջնային օգնության կետեր»,-ասաց Կամո Ցուցուլյանը։