Պետական մի շարք գերատեսչությունների պաշտոնական կայքեր (մասնավորապես՝ Կառավարության, Պետական վերահսկողական ծառայության, Արդարադատության նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի) այցելելիս հանդիպում ենք «Դու կարող ես կանխել կոռուպցիան, Ազդարարի՛ր, azdararir.am» ազդագրին։
Ազդարարման միասնական էլեկտրոնային համակարգը՝ azdararir.am-ը, ինչպես հայտնի է, հարթակ է, որով ազդարարը՝ ֆիզիկական կամ իրավաբանական ցանկացած բարեխիղճ անձ, կարող է հայտնել կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման, կամ էթիկայի կանոնների, կամ անհամատեղելիության պահանջների, կամ այլ սահմանափակումների, կամ հայտարարագրման հետ կապված խախտման, կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ՝ կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական, կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ։
Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Ազդարարման համակարգի մասին ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 1-ից։
Այցելելով azdararir.am հարթակ՝ civic.am-ը պարզեց, որ 2024 թվականի հունվարի 17-ի դրությամբ իրականացվել է 21 ազդարարում։ Նախորդ տարվա մասնավորապես դեկտեմբերին էլ արձանագրվել է 28 ազդարարում։ Նախորդ տարիների վիճակագրությանը կարող եք ծանոթանալ կայք այցելելիս։
Ազդարարի կողմից ներկայացված հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին: Ընդ որում, հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք կարող են ստուգվել:
Նշենք, որ օրերս ՀՀ էր ժամանել ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությունը, հանդիպել ՀՀ գլխավոր դատախազին, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին, ՀՀ վարչապետին։
Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է, և գործադիրը հետևողականորեն շարժվում է հակակոռուպցիոն մեխանիզմների զարգացման և ինստիտուտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ աճել է կոռուպցիոն հանցագործությունների թիվը։ 2023 թվականի մասնավորապես 9 ամիսների ընթացքում, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ-ում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1088 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 606 դեպքի համեմատ, այսինքն՝ աճը կազմել է 482 դեպք կամ 79.5 տոկոս։
Կոմիտեում 9 ամիսների տվյալներով քննվել է 1498 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 861 վարույթի համեմատ, այսինքն՝ վարույթում եղած գործերը ավելացել են 637-ով կամ 74 տոկոսով:
2023 թվականի ընթացքում դատարան է ուղարկվել 173 վարույթ 379 անձի վերաբերյալ։ Դատարան ուղարկված գործերով 42 մեղադրական դատավճիռ է կայացվել։
Հ. Մ.