Արագածոտնի նախկին մարզպետը, նրա կինը, եղբայրը և ևս մեկ անձ կանչվել են Դատախազություն. Սահակյանների վերաբերյալ քրգործը Հակակոռուպցիոն դատարանում է
Արագածոտնի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, նրա կինը՝ Մելինե Գենջոյանը, նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը և ևս մեկ փոխկապակցված անձ՝ Կարինե Ավագյանը, հունվարի 22-ին հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ azdarar.am-ից։ Վերջիններիս ծանուցագրերում նշված է, որ իրենց պատկանող գույքերի վերաբերյալ դատախազությունը իրականացրել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Մարզպետն ու նրան փոխկապակցված անձինք հաշվառված են Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Սարգիս Սահակյանը, հիշեցնենք, պաշտոնավարել է 2009-ից 2016-ը, պաշտոնից  ազատվել է իր դիմումի համաձայն։ 

Նշենք, որ  Աղինի գյուղական խորհրդի երբեմնի  գլխավոր անասնաբույծ, Թալինի շրջանի Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցի նախկին ուսուցիչ, նախկին մարզպետ Սահակյանի եղբայրը  «Ես և նա» ՍՊԸ-ի հիմնադիրն է և Արագածոտնի մարզում հիմնականում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով պայմանագրեր էր կնքում եղբոր ղեկավարած մարզպետարանի հետ: Ընդ որում՝ առանց մրցույթի, բանակցային ընթացակարգով։ Սարգիս Սահակյանն, ի դեպ, այս երևույթը ժամանակին մամուլում բացատրել էր հետևյալ կերպ՝ եղբոր սիրտն ավելի շատ է ցավում իր համար, լավ գործ է անում, այդ պատճառով  էլ պետական գնումների պայմանագրերի մի մասը կնքվում է հենց նրա հետ, որպեսզի բարեխիղճ աշխատի և եղբորը սևերես  չթողնի: Մասնավորապես 2014-ին մամուլը գրել էր, որ Վերին Բազմաբերդ, Եղնիկ, Նոր Եդեսիա և Ուջան համայնքների դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթում հաղթած «Ես և նա» ՍՊԸ-ն  և մարզպետը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչների կողմից ուսումնասիրվում է մարզպետարանի աշխատակիցների՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առիթով հարուցված քրեական գործը: Ըստ մամուլի (https://armlur.am/258125/)՝ «Ես և նա» ՍՊԸ-ն, որն  իրականացրել էր դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, կասկածվում է չարաշահումներ թույլ տալու մեջ, քանի որ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ահռելի գումարների կորուստներ: 

2023 թվականի փետրվարին էլ հայտնի դարձավ՝ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով պարզվել է, որ մասնավորապես «Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս. Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս. Մ.-ի և իր եղբոր՝ Ն. Ս.-ի հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով, դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով խեղաթյուրել է Ն. Ս.-ի կողմից 2005 թվականին Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35 հազար 200 դրամով գնված 7800 քառ. մ  մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը:

Նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառել ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին՝ մարզպետ Ս. Ս.-ն թույլատրել է իր եղբորը՝ Ն. Ս.-ին, 2009 թվականի օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ՝ նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա, օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավար Ս. Մ.-ի վրա, համոզելու եղանակով դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու կատարել պաշտոնեական կեղծիք...»:

2023 թվականի փետրվարի 9-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը Հակակոռուպցիոն դատարանին հանձնելու վերաբերյալ:

 Նույն օրը դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ Ն. Ս.-ից, Ս. Ս.-ից, Ս. Մ.-ից ու Մ. Ղ.-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե համապարտության կարգով 72 մլն 448 հազար 533 դրամ բռնագանձելու վերաբերյալ:

Datalex.am-ից պարզեցինք, որ Նաիրի Արտաշեսի Սահակյանի, Սարգիս Արտաշեսի Սահակյանի, Սերյոժա Գալուստի Մուրադյանի և

Մհեր Վյաչեսլավի Ղահրամանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի վարույթում է։ Այս գործով մի քանի դատական նիստ է կայացել, հունվարի 23-ին էլ նշանակված են հիմնական դատալսումներ։ 

Հ. Մ.