ԲԴԽ-ն պարզաբանում է, թե որքան գումար է ծախսել «ճոխ խնջույքի» ու ֆիլմի պատարստման համար
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Հանրային հաշվետվողականությունից ելնելով, ինչպես նաև ողջունելով առանձին անհատների հատուկ հետաքրքվածությունը դատական իշխանության ամեն մի գործողության նկատմամբ՝ Դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ դատարանակազմության 25-ամյակի, ինչպես նաև Ամանորի ու 2023 թվականի աշխատանքների ամփոփման երեք կարևոր նպատակների համար կազմակերպվել է մեկ միասնական միջոցառում` 2024 թվականի հունվարի 12-ին: Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամնետից։
Միջոցառմանը մասնակցել է 350 դատավոր և դատական ծառայող: Միջոցառման առաջին մասում, որպես ներքին ու հանրային հաշվետվություն, ներկայացվել է 25 րոպե տևողությամբ ֆիլմ, որն արդեն իսկ առաջացրել է բավական մեծ հանրային հետաքրքրություն և հավանության է արժանացել հազարավոր քաղաքացիների կողմից:
Ֆիլմի արտադրության և ողջ միջոցառման համար (ներառյալ ֆուրշետային հյուրասիրությունը) ընդհանուր առմամբ ծախսվել է 11 մլն․ 956 հազար ՀՀ դրամ (առանց ԱԱՀ), որից 8 մլն ՀՀ դրամը հատկացվել է ֆիլմի պատրաստմանը, իսկ 3 մլն 956 հազար ՀՀ դրամը, ինչպես շրջանառվել էր մամուլում «ճոխ խնջույքի», կազմակերպման համար: Այդ համեստ ցերեկույթի ծախսը իր մեջ ներառել է սրահի, հեռուստաէկրանների վարձակալություն և շուրջ 350 անձի համար նախատեսված հոտնկայս հյուրասիրություն։
Հատկանշական է, որ 2023 թվականի տարեմուտին ո՛չ Բարձագույն դատական խորհուրդը, ո՛չ Դատական դեպարտամենտը Ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպել:
Տարվա ընթացքում տարբեր գործուղումներից, ներկայացուցչական և այլ ծախսերից խնայված միջոցներն ուղղվել են դատական իշխանության գործունեությունը լուսաբանող ֆիլմի նկարահանմանը, որը նպատակ է հետապնդել հանրության լայն շերտերին իրազեկել վերջին մեկ տարում դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումների և առկա խնդիրների մասին։
Ֆիլմի նկարահանումը նպատակ է հետապնդել նպաստել հանրության շրջանում դատական իշխանության հեղինակության վերականգնման բարդ գործին, որը խարխլվել է ոչ միայն օբյեկտիվ քննադատություններով, այլև երբեմն կեղծ, միակողմանի ու մանիպուլատիվ հրապարակումներով: