Անվասայլակ, ցավազրկող, շտապօգնություն․ փողերի լվացման, կաշառքի համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահը ուզում է մեկնել Գերմանիա և տնօրինել հաշիվները
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, շարունակվեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական հերթական նիստը։ Խաչատրյանը դատարան ներկայացավ շտապօգնության մեքենայով, անվասայլակի օգնությամբ։ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին գրավոր կերպով միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանին թույլատրել մեկնել արտերկիր՝ վիրահատվելու և բուժումը շարունակելու համար։ 

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը նկատեց, որ արդեն որերորդ նիստն է՝ վկա Սեդրակ Առուստամյանը ներկայանում է դատարան՝ ցուցմունք տալու համար, սակայն արդեն քանի դատական նիստ է՝ չի հաջողվում հարցաքննել հարցաքննվող վերջին անձին։ Դատախազն առաջարկեց նախ հարցաքննել Սեդրակ Առուստամյանին, ապա՝ պաշտպանական կողմը հենց այս դատական նիստի ընթացքում ներկայացնի իր միջնորդությունը։  

Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ իրենք խնդիր չեն տեսնում, թող Սեդրակ Առուստամյանը հարցաքննվի, բայց կան առաջնահերթություններ։

Դատախազը համոզմունք հայտնեց, որ անհնար է լինելու միջնորդության քննությունից հետո Սեդրակ Առուստամյանի հարցաքննությունը։ Նշեց՝ ակնհայտ է, որ պաշտպանական կողմի նպատակը նիստը ձգձգելն է, ու պնդեց՝ հնարավորություն տալ հարցաքննել Սեդրակ Առուստամյանին, ապա անցնել միջնորդության քննությանը։ Առաջ անցնելով նշենք, որ հենց այդպես էլ տեղի ունեցավ, ինչպես նկարագրում էր դատախազ Գևորգ Սարգսյանը։
Դատարանը որոշեց այս դատական նիստում քննության առնել թե՛ պաշտպանական կողմի միջնորդությունը, թե՛ սկսել վկայի հարցաքննությունը՝ հաջորդականության իմաստով, սակայն, նախապատվություն տվեց պաշտպանների միջնորդության քննությանը։
Ապա, մինչ պաշտպանը կներկայացներ միջնորդությունը, խնդրեց 5 րոպե ընդմիջում հայտարարել՝ հնարավորություն տալով նիստին ներկա բժիշկներին ցավազրկողներ ներարկել Գագիկ Խաչատրյանին։
Ամբողջ նիստի ընթացքում մի քանի այսպիսի ընդմիջումներ եղան՝ պայմանավորված Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով։
Ընդմիջումից հետո դատախազն առաջարկեց պաշտպանական կողմին չընթերցել 35 էջանոց միջնորդությունը, ասաց, որ 8 օր առաջ է գրավոր կերպով այն ներկայացվել, ինքը և դատարանը ծանոթ են դրան, առաջարկեց բանավոր կերպով ավելացնել այն մտքերը, որոնք չկան միջնորդության մեջ։ 

Դատարանը թույլատրեց պաշտպանական կողմին ներկայացնել միջնորդությունը։ Մեկ ժամից ավելի տևող խոսքի ընթացքում Երեմ Սարգսյանը ներկայացրեց 2 տարի տևող դատական և դատավարական գործընթացները, պատմական էքսկուրս կատարեց, թե ով, երբ, որտեղ ինչ է ասել, արել, ինչ որոշում է կայացրել, Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը ինչպես է բարդացել, կիսատ է թողել բուժումը արտերկրում, վերադարձել Հայաստան, ապա հնարավորություն չի ունեցել մեկնել արտերկիր՝ բուժումը շարունակելու համար և այլն։ 

Երեմ Սարգսյանը միջնորդեց անհապաղ թույլատրել Գագիկ Խաչատրյանին 30 օր ժամկետով մեկնել Գերմանիա՝ բուժում ստանալու համար, ինչպես նաև վերացնել Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների հաշիվների վրա դրված կալանքը, որպեսզի իր պաշտպանյալը կարողանա հոգալ բուժման ծախսերը։

Ապա, որպես նախադեպ, ներկայացրեց նաև Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանում առկա որոշումը, որից հետո նիստը հերթական անգամ ընդմիջվեց՝ նույն՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված։
Ընդմիջումից հետո Խաչատրյանի պաշտպանը միջնորդեց դատարանին նիստը շարունակել առանց Գագիկ Խաչատրյանի, քանի որ վերջինս այլևս չի կարողանում ներկա գտնվել նիստին՝ ինքնազգացողության վատ լինելու պատճառով։ 
Ի վերջո, ինչպես և ենթադրում էր դատախազը, Առուստամյանը կրկին չհարցաքննվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 31-ին, ժամը 11-ին։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

Վովա Հակոբյան