Դեռևս օգոստոսի 16-ին «Առաջին լրատվական»-ը հրապարակեց հոդված, ըստ որի՝ լրատվամիջոցի տեղեկությամբ՝ նախընտրական շրջանում «Հայաստան» դաշինքի շտաբների գումարային իրական շրջանառությունը օրենքով սահմանված չափը գերազանցել է բազմաթիվ անգամներ՝ հասնելով 6 մլրդի դրամի։
Civic.am-ը հարցում էր ուղարկել ՊԵԿ՝ ճշտելու, թե արդյոք կա՞ քննվող գործ «Հայաստան» դաշինքի շտաբների գումարային շրջանառությունն օրենքով սահմանված չափը ենթադրյալ գերազանցելու վերաբերյալ և ՊԵԿ-ը պատրաստվում է պարզել այդ հարցը՝ հաշվի առնելով, որ ՊԵԿ-ը խիստ աչալուրջ է սովորական քաղաքացիների հարկերի վճարման և դրամաշրջանառության հարցում։ Սակայն ՊԵԿ իրավաբանական վարչությունից ի պատասխան նշել են, որ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարույթում «Հայաստան» դաշինքի շտաբների վերաբերյալ գործ չի քննվել և չի քննվում։ Ասել է թե՝ ՊԵԿ-ին առանձնապես չի հետարքրքում Քոչարյանի շտաբներում միլիարդավոր դրամների հնարավոր ապօրինի շրջանառութունը։
Պետական եկամուտների կոմիտեն մեր հարցումը վերահասցեագրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանին, որպեսզի վերջինս խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնի ՊԵԿ՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
«Հայտնում ենք, որ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու նպատակով»,- գրված է ՊԵԿ պատասխան նամակում։
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ը մասնավորապես գրել էր. «Քոչարյանի գլխավորած դաշինքը հայտարարագրել է 309 միլիոն դրամի մուտք, որից իբրև թե ծախսվել է ընդամենը 245 միլիոնը։ Իրականում միայն շտաբներին տրված գումարները, որոնք իբրև ծախսվել են աշխատավարձերի վրա, հասնում են 6 միլիարդի։ Այսինքն՝ մոտավոր հաշվարկներով՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ֆոնդի գումարները մոտ 20 անգամ, 2000%-ով, գերազանցել են օրենքով նախատեսված շեմը։ Միայն մամուլի հրապարակումների համաձայն՝ «Հայաստան» դաշինքի յուրաքանչյուր շտաբ ստացել է 6 հազար դոլար, այն էլ՝ արտարժույթով, ինչը օրենքի կոպիտ խախտում է և առաջացնում է խստագույն պատիժներ միայն արժութային ապօրինի շրջանառության համար»։