Մշակույթի նախկին, հետախուզման մեջ գտնվող նախարարի, նրա ամուսնու և որդու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործը դատարանում է
Մշակույթի նախարարի պաշտոնը 10 տարի զբաղեցրած, հետախուզման մեջ գտնվող  Հասմիկ Պողոսյանի, նրա ամուսնու՝  Էդուարդ Հակոբյանի, որդու  Ստեփան   Հակոբյանի վերաբերյալ ՀՀ դատախազության հայցադիմումը ՀՀ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը հունվարի 25-ին  ընդունել է  վարույթ։ Civic.am-ը datalex.am-ից տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2023 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել թիվ 22-2-21 ուսումնասիրությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը, որը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0050/03/23 գործով 2023 թվականի օգոստոսի 23-ի «Հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշմամբ բավարարվել է։

 «Հաշվի առնելով այն, որ դիմողի կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում, այն է՝ 12.01.2024թ. ներկայացվել է հայցադիմում, Դատարանը գտնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0050/03/23 գործով 2023 թվականի օգոստոսի 23-ի «Հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշմամբ կիրառված հայցի նախնական ապահովման միջոցները շարունակելու են գործել որպես հայցի ապահովման միջոցներ։ ...ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել  է վարույթ։  Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- մասնավորապես նշված է դատարանի որոշման մեջ։ 

Նշենք, որ Հասմիկ Պողոսյանը պաշտոնավարել է 2006-2016 թթ., նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել իր պաշտոնավարման օրոք կատարված խարդախության առնչությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն քրեական դատարան է ուղարկել Հասմիկ Պողոսյանի  վերաբերյալ գործը։ Ըստ մեղադրական եզրակացության՝  նա, 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը և հանդիսանալով պետության անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով՝ օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներ Գոռ Դավթյանի և Հմայակ Ավագյանի, Հայկ Խալաֆյանի, Արման Պետրոսյանի, ինչպես նաև Նիկոլայ և Մարտունի Կոստանդյանների մասնակցությամբ և Արմեն Սմբատյանի կազմակերպած ու ղեկավարած, հանցավոր խմբի կողմից պետական սեփականություն հանդիսացող՝ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱ կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով հողամասն առանց ՀՀ կառավարության 26.07.2012թ. N 1052-Ա որոշմամբ սահմանված պարտականությունների կատարման խարդախությամբ հափշտակելուն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 166.103.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը: 

Այս գործով նախորդիվ մի քանի դատական նիստ է նշանակվել, որոնք չենք կայացել։