Մոսկվայի կենտրոնում ՌԴ իրավապահների կողմից ձերբակալված Կարեն Վանեցյանը՝ Արթուր Վանեցյանի հորեղբորորդին, ըստ վերջինիս փաստաբանական խմբի, արդեն ազատ է արձակվել, նրա հետ ընդամենը կարճ զրույց է տեղի ունեցել։
Թե ինչի՞ մասին են ռուս իրավապահները զրուցել Վանեցյանի հետ՝ հայտնի չէ։ Արդյոք Ռուսաստանում քաղաքացու հետ զրուցելու համար նրան ձերբակալո՞ւմ են։ Հայտնի չէ նաև, թե ի՞նչ են պարզել, ինչո՞ւ են ազատ արձակել կամ Վանեցյանն այժմ ինչ կարգավիճակ ունի։
Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին Կարեն Վանեցյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հենց այս գործով էր ձերբակալվել Արթուր Վանեցյանի զարմիկը, որը միլիարդատեր է․ Exoil Group նավթարդյունահանող ռուսական խոշորագույն ընկերության հիմնական սեփականատերն է, նրան են նաև պատկանում են «Իդեալ» և «Օլեյնա» ապրանքանիշերը։
Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Ըստ Դատախազության՝ Քրեական վարույթով պարզվել էր, որ Կարեն Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը:
«Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մ.Մ.-ին և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ: Կ.Վ.-ի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը: Մասնավորապես՝ նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության համար ակնհայտ անշահավետ պայմանագիր է կնքվել Մ.Մ.-ին փաստացի պատկանող ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջև», - ասվում էր Դատախազության տարածած հաղորդագրության տեքստում:
Արդյունքում, ըստ իրավապահ կառույցի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն առանձնապես խոշոր չափով տոկոսագումարներ է վճարել Մ.Մ.-ին փաստացի պատկանող ընկերությանը: Այնուհետև, հանցավոր ծագում ունեցող վերոնշյալ ֆինանսական միջոցների հաշվին, Մ.Մ.-ին փաստացի պատկանող ընկերության միջոցով, ձեռք են բերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: 2018 թվականին Մ.Մ.-ն «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ գրանցված, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը թաքցնելու նպատակով Կ.Վ.-ի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ տվյալ գույքը վերջինիս համար ակնհայտ շահավետ պայմաններով փոխանցելու շուրջ:
«Արդյունքում՝ Կ.Վ.-ն, տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը Մ.Մ.-ին պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել է օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք։
Կ.Վ.-ն 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը: Նախաքննության ընթացքում Կ.Վ.-ի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել: Միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Կ.Վ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- նշվում էր հաղորդագրության մեջ:
Վովա Հակոբյան