ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը երեկ ազատ է արձակվել։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Ախոյանի պաշտպան Գոռ Վարդանյանը։
«Երեկ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել, պատիժ է նշանակել երկու ամիս կարճաժամկետ ազատազրկման տեսքով։ Քանի որ Արագած Ախոյանը շուրջ երեք ամիս գտնվել է կալանքի տակ, դատարանը պատժի կրումից ազատել է։ Մենք դատավճիռը ստանալու դեպքում բողոքարկելու ենք վերաքննիչ քրեական դատարան, որովհետև համաձայն չենք մեղադրական վերդիկտի հետ»,- ասաց Գոռ Վարդանյանը։
Փաստաբանը նաև ասաց՝ որ իրենք համարում են, որ արդարացման դատական ակտ պետք է կայացվեր։
Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը կալանավորվել էր 2023-ի նոյեմբերի 7-ին՝ 2023 թ. հունիսի 8-ին համացանցում հրապարակած գրառման համար։
Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա անձանց խմբի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: