«Մարինա Խաչատրյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի» քաղաքացիական գործով այսօրվա դատական նիստին Խաչատրյանն ու իր ներկայացուցիչը չէին ներկայացել։ Նիստը, սակայն, կայացավ։ Նախորդ՝ կայացած նիստում Ստյոպա Սաֆարյանի պաշտպանը դատավոր Արշակ Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել, և այս նիստի ընթացքում՝ հայցվորի բացակայության պայմաններում, քննվեց այդ միջնորդությունը։
Սաֆարյանի ներկայացուցիչը իր հարցը հիմնավորում է նրանով, որ 2020 թվականի փետրվարին հայցվորը դատավոր Ավագ Գաբրիելյանին միջնորդություն է ներկայացրել հայցի հիմքն ու առարկան փոփոխելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է։ 2021 թվականին պատասխանող կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը մերժել է, իսկ 2022-ին նոր միջնորդություն է ներկայացվել՝ կրկին դատարանին ինքնաբացարկ հայտնելու մասին, որը այս անգամ բավարարվել է։ Գործը մակագրվել է Զարուհի Նախշքարյանին, որը ինքնաբացարկ է հայտնել, ու գործը մակագրվել է այսօրվա դատավոր Արշակ Պետրոսյանին։ Համաձայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ դատավորի ինքնաբացարկ հայտնելու դեպքում գործի քննությունը պետք է սկսվեր սկզբից։ Սակայն, ըստ պատասխանող կողմի, գործի քննությունը սկսվել է ոչ թե հայցադիմումի ներկայացված հայցի առարկայի, հայցի փաստական և իրավական հիմքերը պարզելուց, այլ հայցադիմումում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Ավագ Գաբրիելյանի ընդունած որոշումից։ Այդպիսով՝ պատասխանող կողմը զրկվել է այդ որոշման դեմ դիրքորոշում հայտնելու, դրան առարկելու հնարավորությունից։ Հետևաբար, ըստ պատասխանողի՝ ոտնահարվել են իր իրավունքներն ու օրինական շահերը։ Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Դատարանը միջնորդության ներկայացումից հետո 3 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի և նոր նիստ նշանակի։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դեռ 2019 թվականին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանի՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Վովա Հակոբյան