ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով նշանակված այսօրվա դատական նիստին դատարանի որոշմամբ Խաչատրյանը բերման ենթարկվեց դատարան շտապօգնության մեքենայով։
Բերման ենթարկելու որոշումը դատարանը կայացրել էր Խաչատրյանի՝ նախորդ նիստերին չներկայանալու պատճառով։ Նրա փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, ու վերջինիս բերման են ենթարկել պատգարակով։
Ապա միջնորդեց դատարանին նիստը շարունակել դռնփակ ռեժիմով, քանի որ Խաչատրյանը չի ցանկացել, որ այդ վիճակով նիստը տեսալուսանկարահանվի։
Պաշտպանների միջնորդությունը դատարանը բավարարեց։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը տևական ժամանակ է, ինչ չէր ներկայանում դատական նիստերին։
Վերջին նիստի ընթացքում դատարանը քննեց և մերժեց նրա պաշտպանի միջնորդությունը՝ թույլատրել Խաչատրյանին մեկնել արտերկիր բուժում ստանալու համար։ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Իր մեղավորությունը Խաչատրյանը չի ընդունում։