ՀՀ վարչական դատարանը որոշումներ է հրապարակել. Մեկը՝ ավագանու մանդատից զրկված Սոնա Աղեկյանի հայցապահանջի, մյուսը՝ «կարմիր գծերի» մասին «Մայր Հայաստան»-ի դիմումի վերաբերյալ
ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ, դադարեցված լիազորություններով Սոնա Աղեկյանի  հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը։  Հայցապահանջը ներկայացվել էր փետրվարի 26-ին։

Civic.am-ը դատարանի՝ մարտի 4-ին կայացված  որոշումից տեղեկացավ, որ հայցադիմումի վերադարձման պատճառը մասնավորապես այն է, որ հայցվորի կողմից հիմնական պահանջին զուգահեռ ներկայացվել է նաև ածանցյալ պահանջ։  Դրա  ուսումնասիրությունից, սակայն, «դատարանի համար պարզ չէ, թե ներկայացված ածանցյալ հայցապահանջը ում դեմ է ուղղված, ինչ է ենթադրում հայցվորի լիազորությունների վերականգնումը»: «Հայցապահանջից պարզ չէ, թե որ իրավական ակտով սահմանված ինչպիսի իրավունք է հայցվորը հայցում նշված պահանջի ենթադրյալ բավարարման դեպքում, ինչպես պետք է այն տեղի ունենա, և արդյո՞ք միայն որոշման վիճարկումը ամբողջությամբ չի ապահովում ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնումը: ...Այսպիսով, ելնելով վերոգրյալից՝ դատարանը գտնում է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Դատարանը նշում է նաև, որ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը»,- մասնավորապես նշված է դատարանի որոշման մեջ, որը օրենքով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում:

 Հիշեցնենք, որ Ս. Աղեկյանը դատարանից պահանջում է Երևանի քաղաքի ավագանու 07.02.2024թ. թիվ 57-Ա որոշումը վերացնել և, որպես հետևանք, հայցվորի՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վերականգնել։ 

Վարչական դատարանը իր մեկ այլ որոշմամբ էլ վերադարձրել է «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված դիմումը՝ «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 26.12.2023 թվականի թիվ 43-Ն որոշման Հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները՝ դրանք ուժի մեջ մտնելու պահից, անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Խմբակցության կողմից դիմումը դատարան  է ներկայացվել 21.02.2024թ.-ին։ Դատարանի որոշման մեջ մասնավորապես նշված է, որ համապատասխան նորմատիվ իրավական ակտի տեքստի պատճենի, տվյալ դեպքում՝ «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման պատճենի փոխարեն  դատարան է ներկայացվել  միայն վերը նշված որոշման հավելվածի պատճենը:

Ելնելով վերոգրյալից՝ դատարանն առաջարկել է  հայցվորին դիմումը կրկին ներկայացնելիս դրան կցել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման ամբողջ տեքստի պատճենը: Հայցադիմումը վերադարձնելու պայմաններում Դատարանը միջնորդությունը չի քննարկում:

Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը (տվյալ դեպքում՝ դիմումը) վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:

Հ. Մ.