Ալավերդի համայնքի ավագանու՝ շաբաթավերջին տեղի ունեցած հերթական նիստին, ինչպես նախորդ մի քանի նիստերին, «Ապրելու երկիր» խմբակցության անդամները չեն մասնակցել՝ շարունակում են բոյկոտել նիստերը։ «Ապրելու երկիր»-ական նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը երևի հորդորել է ավագանու իր թիմակից անդամներին բոյկոտը շարունակել այնքան ժամանակ, մինչև սպառի բոլոր դատական ատյանները ու մարի դատական կարգով համայնքի ղեկավարի պաշտոնում վերականգնվելու իր հույսը։ Իսկ ահա Թամազյանի նախկին թիմակից, Հայ ազգային կոնգրես խմբակցության միակ անդամ, «Ապրելու երկիր»-ի հետ կոալիցիա կազմած, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակված, Թամազյանի պաշտոնանկությունից հետո հեռացած Տիգրան Պապոյանը մասնակցում էր ավագանու վերջին նիստին և կողմ է քվեարկել հարցերից մի քանիսին։ Նա, հավանաբար, գիտակցում է, որ բոյկոտը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, քանի որ անկախ նրանից՝ ինքն ու թամազյանականները կմասնակցեն նիստերին, թե ոչ, որևէ բան չի փոխվում, քվորումի խնդիր չի առաջանում, ավագանին բնականոն ընթացքով իրացնում է իր վրա դրված պարտականությունները։
Հիշեցնենք, որ Պապոյանը ևս Թամազյանին անվստահություն հայտնելու ավագանու՝ սկանդալով ուղեկցված նիստի ժամանակ հետ չէր մնում իր ագրեսիվ վարքով ու բողոքն արտահայտելիս դիմում էր հորդուբորդի ժանրին։ 2022-ին հենց ՀԱԿ-ի ստացած մեկ մանդատն է, որ վճռորոշ դարձավ Թամազյանի՝ համայնքի ղեկավար ընտրվելու հարցում։ Կազմելով կոալիցիա՝ վերջինս կարողացավ տիրել համայնքի ղեկավարի պաշտոնին և համայնքը կառավարեց մի քանի ամիս։
Ուշագրավ է, որ դատարանը Թամազյանի հայցապահանջը մերժելիս նշել է մի շարք հանգամանքներ, հիմնավորումներ, որոնց ծանոթանալուց հետո, ենթադրում ենք, «Ապրելու երկիր»-ական որոշ գործիչներ, մասնավորապես Մեսրոպ Առաքելյանը, այլևս հանդես չեն գա իրավագիտության գծով «գուրու»-ի դիրքերից ու օրենքի մեկնաբանությունը չեն իջեցնի անհեթեթության մակարդակի։ Թամազյանին իրավաբանության կասկածելի որակի դասեր տվածները համոզել էին, որ ավագանու՝ իրեն անվստահություն հայտնելու նիստը տեղի է ունեցել ՏԻՄ օրենքի պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ պետք է ավագանու անդամները կես ժամ սպասեին, որ ինքը՝ նիստը վարող համայնքի ղեկավարը, ներկայանար, մինչդեռ խախտել են այդ ժամկետն ու ապօրինի ընթացակարգով են իրեն անվստահություն հայտնել ու համայնքի նոր ղեկավար ընտրել։ Փույթ չէ, դատարանի վճռում շարադրված այս «լիկբեզը» կթոթափի Թամազյանի և նրա կողակից-կուսակիցների անտեղյակությունը։ Եվ ուրեմն, ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը:
Անդրադառնալով հայցվորի կողմից նշված իր՝ ավագանու նիստը վարելու իրավունքի խախտման բացահայտմանը՝ դատարանը փաստել է. «Դատաքննությամբ պարզվեց, որ հայցվորը զրկված չի եղել նիստը վարելու իր իրավունքից օգտվելու հնարավորությունից, այլ, ինչպես պարզ դարձավ վերջինիս խոսքից, իր խնդիրը կայացել է նրանում, որ ավագանու մյուս անդամները ևս հնարավորություն ունենան մասնակցելու: Ավելին, ներկայացված տեսաձայնագրությունից ակնհայտ է, որ հայցվորը, գտնվելով ավագանու նիստերի դահլիճի մոտ, ցանկություն չի հայտնում ներս մտնելու՝ նշելով, որ չի ուզում անցնել: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցվորն իր կամքով ներկա չի գտնվել և չի վարել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի օրենքի ուժով ժամը 10:00-ին հրավիրված ավագանու նիստը, որպիսի պայմաններում անհիմն է հայցվորի այն դիրքորոշումը, որ վերջինս զրկված է եղել նիստին իր խոսքը հայտնելու իրավունքից: Ինչ վերաբերում է հայցվորի այն դիրքորոշմանը, որ ինքն ակնկալիք է ունեցել, որ կես ժամ կսպասեն իրեն, ապա, դատարանի գնահատմամբ, կես ժամ սպասելու վերաբերյալ իրավանորմը կիրառելի կլիներ, եթե վերջինս ներկա չլիներ, սակայն դատարանին ներկայացված տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ վերջինս ներկա գտնվել է, սակայն չի մտել նիստերի դահլիճ»,- մասնավորապես նշել է դատարանը:
Ի դեպ, Թամազյանը ուշացումով՝ քվեարկության կեսից դահլիճ մտնելով դեբոշ էր սարքել ու, ձեռքով-ոտքով խոսելով, վիրավորական արտահայտություններ էր տեղացել դահլիճում ներկա ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի հասցեին, իսկ ահա Մեսրոպ Առաքելյանը, այս ամենից բացի, փորձել էր նաև հափշտակել քվեատուփը։
Հաջորդիվ դատարանն անդրադարձել է նաև ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին։ Թամազյանենք, ինչպես հայտնի է, պնդում էին, որ «Ապրելու երկիր»-ական ավագանու անդամների կողմից նախքան ՔՊ-ի և ավագանու 1 անկախ անդամի կողմից անվստահության գործընթաց սկսելը արդեն իսկ անվստահություն հայտնվել է համայնքի ղեկավարին՝ Թամազյանին, հետևապես մեկ տարվա ընթացքում երկրորդ նման գործընթացը ապօրինի է։ Նշենք, սակայն, որ անվստահություն հայտնելու այս ֆիկտիվ գործընթացը չէր անցել օրենքով սահմանված ընթացակարգով՝ քվորում չէր ապահովվել։ Նշանակում է՝ Թամազյանին անվստահություն հայտնել հնարավոր չէր եղել։
Դատարանն այս մասով էլ է հանգամանալից բացատրական աշխատանք տարել հայցվորի հետ և նշել՝ սույն վարչական գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու թիվ 13 արձանագրության համաձայն՝ համայնքի ղեկավար, նիստը վարող Ա. Թամազյանի կողմից ժամը 10:00-ին հայտարարվեց, որ ավագանու անդամներից ներկա են 12-ը, 10:30-ին հայտարարվեց համայնքի ավագանու նիստի քվորում չլինելու մասին: Նիստը հայտարարվեց չկայացած: «Վերը նշված իրավանորմերը համադրելով սույն վարչական գործի փաստերի հետ՝ դատարանն արձանագրում է, որ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն ցուցաբերելուց հետո օրենքի ուժով հրավիրված ավագանու նիստը չկայանալու և քվեարկություն տեղի չունենալու, արդյունքները չամփոփվելու և դրա արդյունքում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացը չեզրափակվելու պայմաններում 19.10.2023թ. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը չի կարող համարվել քննարկված։ ...Այսպիսով, վերը նշված իրավական և փաստական հիմնավորումներով դատարանը գտնում է, որ ներկայացված հայցն անհիմն է և ենթակա է մերժման»,- մասնավորապես նշված է դատարանի վճռում:
Ինչպես հայտնել ենք՝ Թամազյանը որոշել է բողոքարկել դատարանի վճիռը։ Երևի դատարանի կողմից իրականացված իրավաբանական անվճար «լիկբեզը» «Ապրելու երկիր»-ականներին հերիք չէ։ Որոշել են վերաքննության կարգով ևս մեկ անգամ տեղեկանալ այն ամենի մասին, ինչի մասին արդեն իսկ տեղեկացել են, և ենթադրվում էր՝ պետք է որ հասկացած լինեին ու բավարարված։
Ինչևէ, իրենց իրավունքն է, դեպքերից առաջ չընկնենք ու հետևենք դրանց հետագա ընթացքին։
Հ. Մանուկյան