Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքները. Lufthansa-ն չեղարկում է 20.000 չվերթ. Ավիավառելիքի դեֆիցիտի պատճառով աճել են նաև ավիատոմսերի գները

Lufthansa ընկերությունը հայտարարել է մինչև 2026 թվականի հոկտեմբերը մոտ 20.000 չվերթների չեղարկման մասին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ):


Որոշումը կայացվել է Եվրոպայում ավիակերոսինի լուրջ դեֆիցիտի և վառելիքի գների կրկնապատկման ֆոնին, որն առաջացել է Իրանի հակամարտության ու Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով։


Չեղարկումները հիմնականում կանդրադառնան ցածր շահույթ ունեցող եվրոպական երթուղիների վրա. այդ ուղղություններով օրական կրճատվել է 120 չվերթ։ Արդեն արձանագրվում է տոմսերի գների աճ. որոշ երթուղիներում վառելիքի պատճառով թռիչքների արժեքը բարձրացել է 80-100 եվրոյով։ Ակնկալվում է, որ այս միջոցները ընկերություններին թույլ կտան խնայել մոտ 40,000 տոննա ավիակերոսին։ Չվերթների չեղարկումները կհանգեցնեն ուղևորահոսքի 1%-ով կրճատման։


Կրճատումները տեղի են ունեցել այն օրը, երբ ԵՄ տրանսպորտի նախարարները հանդիպել են քննարկելու ավիավառելիքի դեֆիցիտը կանխելու ծրագրերը: Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) զգուշացրել է, որ Եվրոպայում մնացել է ավելի քիչ, քան վեց շաբաթվա պաշար: Տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը հայտարարել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է այլընտրանքային՝ ամերիկյան ավիակերոսին գնելու հնարավորությունը, որը չի օգտագործվում Եվրոպայում, և կարող է թույլ տալ ավիաընկերություններին ավելի մեծ ծավալներով լիցքավորվել տարածաշրջանից դուրս: