Հեռավար աշխատանքային քննարկում Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի անդամների հետ
Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը (International IDEA) հավաքագրում է աշխարհի 173 երկրների ժողովրդավարության տարբեր բաղադրիչների վերաբերյալ ինֆորմացիա բազմաթիվ շտեմարաններից եւ կազմում ամենամսյա տեղեկատվություն-հաղորդում ժողովրդավարության առաջընթացի կամ հետընթացի մասին. Հայաստանը եւս ընդգրկված է այդ երկրների ցանկում:

Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի անդամների հետ ապրիլի 2-ին տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հայաստան-Շվեդիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:

Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի վերաբերյալ ժողովրդավարության զարգացման հետազոտությունը, ինչպես նաեւ վերջին հինգ տարիներին տեղի ունեցած փոփոխությունները:

«Մեզ հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսի մեթոդոլոգիաներով է տեղի ունենում գնահատումն ու ընդհանուր տեղեկատվության կազմումը եւ արդյո՞ք Հայաստանի հետ կապված ներառված են բազմազան տեղեկատվական բազաներ, մեդիաներ»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը: Նրա գնահատմամբ այն մեթոդոլոգիան, որ կիրառում է Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը, արդյունավետ է եւ հնարավորություն է տալիս ճշգրիտ ու օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել երկրների ժողովրդավարության տարբեր բաղադրիչների վերաբերյալ: Ըստ Հռիփսիմե Գրիգորյանի՝ այն նաեւ հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Քննարկման ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հարցադրումները Հայաստանի հետ կապված տեղեկատվության հավաքագրման մեթոդոլոգիայի, մշտադիտարկման գործիքների վերաբերյալ: