Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Նրանք կքննարկեն Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։ Օրեր առաջ ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է առևտրային կապերը դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ի հետ զրուցում տնտեսագետ-վերլուծաբան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ սա ենթադրում է մի քանի բան. նախ պետության հզորության հիմքը իր տնտեսությունն է։
«Հետևաբար տնտեսական կարողությունների ուժգնացումը կբերի Հայաստանի դիմակայության ավելի բարձր մակարդակի։ Ես դեռ չեմ խոսում շուկաների դիվերսիֆիկացիայի մասին, զուտ խոսում եմ տնտեսական ուժեղացման մասին։ Դա իր մեջ պետք է ակնկալի մի քանի կարևոր ուղղություններ, առաջինը՝ տնտեսության արդիականացում. Հայաստանի տնտեսությունը, հատկապես արդյունաբերությունը, այնքան էլ ժամանակակից չէ։ Կան ինչ-որ ճյուղերում առանձին ձեռնարկություններ, որոնք կարող է մոդեռն տեխնոլոգիաներ ունեն, ինչ-որ մրցունակ արտադրանքներ արտադրում են, բայց ընդհանուր, գլոբալ առումով ճյուղերի մրցունակություն չի ապահովվում, տնտեսության մրցունակություն՝ բարձր մակարդակով, չի ապահովվում»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Այնուհետև մեր զրուցակիցը նշեց, որ շատ կարևոր է գնահատել, թե Հայաստանի տնտեսական զարգացման պոտենցիալը որ ուղղությամբ պետք է զարգացվի։ Նրա խոսքով՝ մեզ մոտ տարիներ շարունակ նույն ճյուղերն են եղել գերակշռող տնտեսության համար՝ հանքարդյունաբերություն, սննդի արդյունաբերություն, որոշակիորեն՝ ալկոհոլային խմիչքներ, որոշակիորեն՝ տուրիզմ, որոշակի չափով՝ հիմա տեքստիլ կամ ՏՏ ոլորտ, և դրանով ավարտվում է։
«Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք այս ամենի ներքո հասկանանք, թե որ ներդրումները պետք է խթանվեն, ինչպիսի ուղղություններով, ինչպիսի ներդրումային ծրագրեր Հայաստանը պետք է ներկայացնի այդ գործընկերներին, որ ոլորտներում պետք է ավելի շատ ներդրումներ ներգրավվեն։ Որովհետև Հայաստանում ներդրումները չեն կառավարվում, մեր դռները բաց են բոլոր ներդրողների առաջ։ Մենք ուրախանում ենք, որ այ էսքան օտարերկրյա ներդրողներ բերեցինք, բայց այդ օտարերկրյա ներդրումները որքան են սպասարկում մեր տնտեսական հզորացմանը, մեր տնտեսության դիվերսիֆիկացիային՝ դրա մասին չենք խոսում ու համարյա թե չգիտենք էլ»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Ի հավելումն նա նշեց, որ ԵԱՏՄ-ն միջին և ցածր մրցունակության ապրանքների շուկա է, և Հայաստանը, գտնվելով ԵԱՏՄ-ում, երբեք չի ձգտի ավելի մրցունակ արտադրանքներ թողարկել, կմնա միջին, միջինից ցածր մակարդակի վրա։
Նրա կարծիքով՝ եվրոպական համապատասխանելիության սերտիֆիկատը շատ թանկ է մեր փոքր ու միջին ձեռնարկությունների համար, այստեղ Եվրոպան կարող է որպես դոնոր պետություն հանդես գալ և սուբսիդավորել այդ սերտիֆիկացման ծախսերը, որպեսզի հայկական ընկերություններն ի վիճակի լինեն արտահանվել դեպի եվրոպական շուկա։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան