Հայաստանի վերաբերյալ ФСБ-ի գաղտնի նյութեր են արտահոսել. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.


Հրապարակվել են ФСБ-ի՝ Հայաստանի հետ կապված որոշ նյութեր, որոնք, ըստ ամենայնի, ձեռք են բերվել ինչ-որ մեկի հեռախոսը փետրվարի 26-ին կոտրելու արդյունքում։


Նյութերում առկա են Հայաստանի քաղաքական միջավայրի վրա ազդեցության ՌԴ պլանները, ռեսուրսներն ու միջոցները։ Նշված են անձանց ու կուսակցությունների անուններ, իրենց համար աշխատող ԶԼՄ-ների ու կարծիքի առաջատարների անուններ։


Արտահոսած նյութերում նկարագրվում են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ անձանց հնարավոր անելիքները Նիկոլ Փաշինյանի դեմ։


Նկարագրված են նարատիվները ու թեզերը, որոնք պետք է տարածվեն իրենց նախընտրած թեկնածուին առաջ մղելու համար։


Առկա է հանրային տրամադրությունների վերլուծություն։ Հստակ նշվում է, որ ամեն ինչ պետք է արվի, որ կրկնվի 2012 թվականին Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալու պատմությունը։


Արտահոսած նյութերում ամենաշատ դետալները կապված են «Մայր Հայաստան» կուսակցության հետ, ինչը, բնականաբար, բերում է այն մտքին, որ այս ամենի աղբյուրը (ստացման ուղին) նույնն է, ինչ Թևանյան Անդրանիկի մեղադրանքի հիմքում ընկած նյութերինը»։